Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) համերգաշրջանի եզրափակիչ համերգը նվիրված է Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հաղթանակին: Ն. Հախնազարյանի մասնակցությամբ հուլիսի 24-ին կայանալիք համերգի ծրագրում ընդգրկված է նաեւ Պյոտր Չայկովսկու Ռոկոկո թեմայով վարիացիաները, որի կատարմամբ նա հաղթեց մրցույթում:
Ինչպես հուլիսի 22-ի ասուլիսում նշեց Ն.Հախնազարյանը, այս տարի թավջութակահարների կատարողական մակարդակը եղել է սպասվածից շատ ավելի բարձր: «Սա ոչ միայն իմ, այլեւ պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքն է: Իսկ արդեն մրցույթի երկրորդ փուլից ժյուրիի եւ հանդիսատեսի կարծիքը համընկնում էր»,- ասաց նա: Մրցույթին մասնակցած 25 մասնակիցների շարքում Նարեկը, ով խոստովանեց, թե այնքան էլ համոզված չէր իր հաղթանակի մեջ, արժանացել է Առաջին եւ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակների: Նա ընդգծեց, որ այս մրցույթը թավջութակահարների համար ամենակարեւորն է, եւ ինքը շատ ուրախ է, որ ներկայացրել է Հայաստանն այդ մրցույթին: «Ինձ ուժ է տվել իմ հայ լինելը, եւ ինձ համար մեծ պատիվ է մասնակցելն ու հաղթելը, քանի որ սա եւս մեկ առիթ էր մեր երկրի անունը բարձր պահելու համար»,- ասաց երաժիշտը:
Նշենք, որ Ն.Հախնազարյանը միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր է. Կորեայի Geongnam միջազգային մրցույթում նա արժանացել է երկրորդ, իսկ ԱՄՆ-ի Johansen երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում առաջին մրցանակակի, Արամ Խաչատրյանի անվան 2007թ.-ի մրցույթում Առաջին մրցանակի եւ Ոսկե մեդալի։
ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի խոսքերով, իրենք վաղուց էին ցանկանում միասին համերգով հանդես գալ, սակայն ժամանակը չէր ներում։ Ըստ նրա, Ն.Հախնազարյանի հաղթանակը առիթ հանդիսացավ վերջապես իրագործելու այդ ցանկությունը։
Անդրադառնալով ավարտվող համերգաշրջանին, Է.Թոփչյանն ընդգծեց, որ այն դասական երաժշտությունը երիտասարդ սերնդին մատուցման տեսանկյունից շատ հաջողված էր: «Համերգներով հանդես ենք եկել հանրապետության առաջատար մի քանի ԲՈՒՀ-երում եւ ուսանողների համար հիմնել ենք դասական երաժշտության ակումբներ: Նշեմ նաեւ, որ այս համերգաշրջանի համար հատկապես կարեւոր էր հայ դասական երգարվեստը ներկայացնող շքեղ երեկոները»,- ասաց նա, ընդգծելով, որ ՀՊՖՆ-ն հետագայում եւս կշարունակի երիտասարդ սերնդին դասական երաժշտությունը ներկայացնելու իր ծրագիրը։ Նա հայտնեց, որ հաջորդ համերգաշրջանի բացումը նախատեսված է սեպտեմբերի 9-ին: