ԸՍՏ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ<br /> ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՀԱՆԴԵՍ ԳԱ ՈՐՊԵՍ «ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ<br /> ՕՄԲՈՒԴՍՄԵՆ»<br />


ԸՍՏ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ, ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ
ՊԵՏՔ Է ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՀԱՆԴԵՍ ԳԱ ՈՐՊԵՍ «ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ
ՕՄԲՈՒԴՍՄԵՆ»

  • 03-10-2006 19:35:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ չընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումերի օրենսդրական փաթեթը հակասում է երկրի սահմանադրությանը: Նույն օրը հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքերով, թեեւ Հայաստանը տարածաշրջանում առաջինն էր, որն ընդունեց օրենք հանրային հեռուսատեսուության եւ ռադիոյի մասին, սակայն դրա հետեւանքով երկիրը ազատ եւ անկախ հանրային հառուստատեսություն չունեցավ: Շ.Քոչարյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ ուղղակի պարտադրվում է օրենքով կարգավորող մարմնի ստեղծումը` հեռարձակման միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակներից ելնելով: Ըստ նրա, խոսքը գնում է հեռահաղորդակցության բոլոր միջոցների մասին: Իսկ այն, որ ներկայացված նախագծում հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն դուրս են մնացել այդ մարմնի կարգավորման ոլորտից, հակասում է Սահմանադրությանը: Շ.Քոչարյանի խոսքերով, Սահմանադրությամբ նախատեսվում է ոլորտը կարգավորող մեկ մարմին` ազգային հանձնաժողով: Այդպիսով Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի առկայությունը դառնում է անօրինական: Ըստ նրա, չի բացառվում, որ հանրային հեռուստատեսությունը կամ ռադիոն կարող են ունենալ իրենց խորհուրդները, բայց ոչ այնպիսիք, որոնց անդամներին նշանակի երկրի նախագահը: Նշվեց, որ ոլորտը կարգավորող մարմինը կարող է իրականացնել մասնավոր հեռուստառադիոընկերությունների գործունեության որոշակի վերահսկողություն: Սակայն, Շ.Քոչարյանի խոսքերով, մերժված նախագծում հանձնաժողովին վերապահվում էին ռեպրեսիվ ֆունկցիաներ եւ մասնավոր ընկերությունների կախվածությունը հանձնաժողովից: Շ.Քոչարյանի համոզմամբ, ազգային հանձնաժողովի հիմնական գործառույթը պետք է լինի հեռարձակման ոլորտում գործող ընկերությունների իրավունքների պաշտպանությունը: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, օրենքով պետք է ամրագրվի այդ մարմնի իրավունքը` դիմել դատարան հեռարձակող ցանկացած ընկերության իրավունքների ոտնահարման դեպքում: «Ըստ Սահմանդրության տրամաբանության, ազգային հանձնաժողովը պետք է առաջին հերթին կատարի լրատվամիջոցների օմբուդսմենի դերը»,- նշեց Շ.Քոչարյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն