ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԵՇԱՎՈՐ<br /> ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԱԿՏ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ<br />


ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԵՇԱՎՈՐ
ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԱԿՏ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

  • 31-05-2006 16:46:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրախորհրդարանի պատգամավորների եւ Ադրբեջանի ԱԳՆ միջեւ կրկին սկանդալ է բորբոքվել Նախիջեւանում հին հայկական գերեզմանատան ավերման պատճառով, գրում է «Ինդիփենդենթը»: Եվրոպացիներին վրդովեցրել է այն, որ պաշտոնական Բաքուն հրաժարվել է թույլ տալ նրանց լինելու Հին Ջուղայի գերեզմանատանը, որտեղ, աղբյուրների տեղեկատվությամբ, 2005 թվականի դեկտեմբերին բարբարոսաբար ոչնչացվել են մշակույթի հուշարձանները` խաչքարերը: Ադրբեջանցի զինվորականները, ծանր տեխնիկայի օգնությամբ ոչնչացնելով մոտ 3500 խաչքարեր, 2006 թվականի մարտի սկզբին այդ տարածքը մաքրել են եւ այնտեղ սարքել զինափորձարան: «Ադրբեջանի իշխանությունները իրականացրել են հրեշավոր վանդալիզմի ակտ»,- հայտարարել է պատգամավորներից մեկը: Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Չարլզ Տաննոկը կատարվածը համեմատել է աֆղանական Բամիանի նահանգում Բուդդայի արձանների ավերման հետ, որը ողջ աշխարհի զայրույթն էր հարուցել: Ադրբեջանական ԱԳՆ-ն նախկինի պես ժխտում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով եվրախորհրդարանականների շարքերում տիրող «հիստերիայի» եւ «նախապաշարմունքի» մասին: Վերջիններս, իրենց հերթին, մտադիր չեն նահանջել. պատգամավոր Հաննես Սվոբոդան հայտարարել է, որ 2006 թվականի աշնանը ծրագրված այցի ընթացքում այնուամենայնիվ հույս ունի լինել գերեզմանատան տարածքում: Հիշեցնենք, որ 2006 թվականի փետրվարին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով դատապարտվում է Հին Ջուղայի հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման Ադրբեջանի գործողությունները,- հաղորդում է «Լենտա.ռուն»:
Նոյյան տապան  -   Միջազգային