Հայ շախմատիստների հաջողությունների գրավականը հավաքականում առողջ մթնոլորտն է (video)
28-07-2011 12:44:05 | Հայաստան | Սպորտ
Միասնությամբ կարելի է հասնել փայլուն հաղթանակների բոլոր ոլորտներում,- անդրադառնալով Շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում Հայաստանի Շախմատի հավաքականի հաղթանակին, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ այս մասին նշեցին Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը եւ Հայաստանի Շախմատի հավաքականի նախկին մարզիչ Արմեն Համբարձումյանը։ Ըստ նրանց, հաղթանակը շատ կարեւոր է, այն ցույց է տալիս, որ բոլոր բնագավառներում կարելի է հասնել նման փայլուն հաղթանակների, եթե լինի նույն մթնոլորտը, հոգատարությունն ու ընդհանուր գործի ու աշխատանքի հանդեպ սրտացավ վերաբերմունքը, որ կա Շախմատի Հայաստանի հավաքականում։ «Եթե անհաջողություններ ունենք, ապա դրանց պատճառը մեր մեջ պետք է փնտրենք»,- ասաց Ս.Լպուտյանն, ընդգծելով, որ Հայաստանի շախմատի հավաքականով անձամբ զբաղվում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նշվեց, որ թիմի հաջոդության գրավականն է տիրող առողջ մթնոլորտը՝ հիմնված «մեկը՝ բոլորի եւ բոլորը՝ մեկի համար» սկզբունքի վրա։ Շախմատիստների շարքում Ֆեդերացիայի առաջին փոխնախագահն առանձնացրեց առաջատարին՝ Լեւոն Արոնյանին, սակայն նշեց նաեւ, որ իր բարերար ազդեցությունը ունեցավ նաեւ Սերգեյ Մովսիսյանի մուտքը հավաքական. «Դա հզոր շախմատային ուժ է, որովհետեւ շատ փորձառու շախմատիստ է»,- ասաց նա։ Սմբատ Լպուտյանը գտնում է, որ թիմում տիրող մթնոլորտը դրականորեն ազդեց նաեւ մեկ տարի անվստահ հանդես եկող Վլադիմիր Հակոբյանի վրա։ Գաբրիել Սարգսյանը նույնպես լավ էր խաղում, «բայց ավելին ենք սպասում, որովհետեւ ինքն է եղել մեր հիմնական հարվածողը»։ Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի գնահատմամբ, իրեն դրականորեն դրսեւորեց նաեւ թիմի երիտասարդ անդամը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը:
Հայաստանի հավաքականի թիմային հաղթանակները՝ Շախմատի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն, աշխարհի երեք առաջնություններում բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գավաթակիր Հայաստանը դասել են աշխարհի ուժեղագույն շախմատային տերությունների շարքին։ Ներկայումս արտերկրում մարզչական աշխատանքով զբաղվող Արմեն Համբարձումյանը իր վրա է զգում հայ շախմատիստների բարձր վարկանիշի ազդեցությունը, վերաբերմունքը նույնպիսին է, ինչպիսին կունենա այլ երկրներ մեկնած բրազիլացի ֆուտբոլային մարզիչը։ Ա.Համբարձումյանը հիշում է, որ բոլորի համար անակնկալ էր այն, որ 1992թ. առաջին անգամ Հայաստանի հավաքականը մեկնեց Շախմատի օլիմպիադա եւ նվաճեց բրոնզե մեդալներ Ֆիլիպիններում։ Մինչ այդ Շախմատի օլիմպիադայում հանդես էր եկել միայն Ռաֆայել Վահանյանը, այն էլ՝ Խորհրդային Միության հավաքականի կազմում։ «Հիմա տղաները ապացուցում են, որ կարեւոր չէ լինել աստղերի թիմ, կարեւոր է, որ թիմում լինի շատ լավ մթնոլորտ։ Արմեն Համբարձումյանի կարծիքով, բավականին ուժեղ կազմ ունեցող Ադրբեջանն անընդհատ մարզիչներ է հրավիրում, գումարներ ծախսում, բայց չի կարողանում ստեղծել այդ մթնոլորլտը։
Սմբատ Լպուտյանի գնահատմամբ, Չինաստանում անցկացված աշխարհի առաջնությունը ամենահզոր առաջնությունն էր. խաղում էին 9 ուժեղագույն թիմեր, նրանց մի փոքր զիջում էր Աֆրիկայի չեմպիոն Եգիպտոսի հավաքականը։ Հայաստանի հավաքականի ամենադժվար հանդիպումներն էին Ռուսաստանի, Ուկրաինայի ու Ադրբեջանի հավաքականների հետ հանդիպումները՝ բոլոր երեքը շատ ուժեղ թիմեր են, վերջինի դեպքում նաեւ «կա մի ներքին լարվածություն», անպայման հաղթելու մղում։ Ուժեղ թիմեր էին նաեւ Չինաստանի, Հունգարիայի, ԱՄՆ-ի թիմերը։
Սմբատ Լպուտյանը գտնում է, որ շախմատը շատ օգտակար է արժանավոր մարդու ու քաղաքացու կերտման համար: Մարզաձեւը մարդու մեջ զարգացնում է լավագույն մարդկային գծերն ու որակները, եւ դրանց թվում ամենակարեւորը ազնվությունն է՝ մարդը կարողանում է պարտվել, վերլուծելով սեփական սխալները։