Արշակ Պետրոսյան. «Մենք խաղում էինք «Բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի համար» սկզբունքով»
29-07-2011 15:00:30 | Հայաստան | Սպորտ
«Մեր թիմը հաղթեց միասնականության շնորհիվ, մենք խաղում էինք «Բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի համար սկզբունքով»,- հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը այսպես հիմնավորեց աշխարհի ութերորդ թիմային առաջնությունում ՀՀ շախմատի ազգային հավաքականի հաղթանակը թիմի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը։ Նրա խոսքերով, այս տարի Չինաստանում անցկացված առաջնության մասնակիցները շատ ուժեղ մրցակիցներ էին, հատկապես Ռուսաստանը, թեեւ նրանք 9 խաղից 3-ում պարտություն կրեցին: Ա.Պետրոսյանի գնահատմամբ, շատ պատրաստված էին նաեւ Ուկրաինայի եւ Ադրբեջանի հավաքականները:
Հիշեցնենք, որ ՀՀ շախմատի ազգային հավաքականի կազմում ընդգրկված էին Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Լեւոն Արոնյանը եւ հավաքականի ավագ Արշակ Պետրոսյանը: Հավաքականի հետ Չինաստան էր մեկնել նաեւ բժիշկ Արմեն Աղուզումցյանը:
Լրագրողների այն հարցին, թե որ հավաքականի հետ էր ավելի դժվար խաղալ, հայ շախմատիստները պատասխանեցին, որ իրենց համար կարեւոր չէր, թե որ երկրի մասնակիցների հետ էին իրենք խաղում:«Ինչ վերաբերում է Ադրբեջանի հավաքականին, ապա եւ իրենց եւ մեր կողմից կար լարվածություն»,- նշեցին նրանք:
Հավաքականի ամենաերիտասարդ անդամ Ռոբերտ Հովհաննիսյանը նշեց. «Շատ ուրախ եմ, որ իմ առաջին մասնակցությունը այսպիսի հաղթանակով ուղեկցվեց, այդպիսի գրոստմայստերների հետ խաղը ինձ վստահություն ներշնչեց»:
Շախմատը հանրակրթական դպրոցներում որպես պարտադիր առարկա դասավանդելու կառավարության որոշման վերաբերյալ իր կարծիքը հայտնելով, Ա.Պետրոսյանը նշեց. «Իհարկե, ոչ բոլոր աշակերտները շախմատի աշխարհի չեմպիոններ կդառնան, սակայն այս մարզաձեւը օգնում է զարգացնել տրամաբանությունը»: Ներկայացնելով հավաքականի հետագա ծրագրերը Ա.Պետրոսյանը տեղեկացրեց, որ թիմը մասնակցելու է Եվրոպայի թիմային մրցաշարին, որը նախատեսված է 2011թ-ի հոկտեմբերին Վրաստանում: