ՖԻԴԵ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 3-ՐԴՆ Է, ՀԱՅԱՍՏԱՆԸ` 5-ՐԴ<br />


ՖԻԴԵ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 3-ՐԴՆ Է, ՀԱՅԱՍՏԱՆԸ` 5-ՐԴ

  • 03-04-2006 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է ուժեղագույնների վարկանիշային ցուցակը` 2006թ. ապրիլի 1-ի դրությամբ: Առաջին անգամ նրանում տեղ չի գտել երկարամյա առաջատարը` աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը (Ռուսաստան), քանի որ ավելի քան մեկ տարի հանդես չի գալիս մրցաշարերում: Ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովը (Բուլղարիա), որի անհատական վարկանիշը 2804 միավոր է: Նրանից ընդամենը մեկ միավորով է ետ մնում Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2803): Հայաստանի ներկայացուցիչ, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը զգալիորեն բարձրացրել է իր վարկանիշը եւ ուժեղագույնների ցուցակում զբաղեցնում է պատվավոր 3-րդ տեղը (2756): Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցուցակի 1-ին հարյուրյակում տեղեր են գրավում Հայաստանի եւս 3 ներկայացուցիչներ: Վլադիմիր Հակոբյանը 16-րդն է (2706), Կարեն Ասրյանը` 61-րդը (2646), Սմբատ Լպուտյանը` 94-րդը (2619): Հարյուրյակում տեղ է գրավել եւս մեկ հայ շախմատիստ` Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը: Ուժեղագույն շախմատիստուհիների ցուցակը մեծ առավելությամբ գլխավորում է Հուդիթ Պոլգարը (Հունգարիա), որը բացառապես տղամարդկանց մրցաշարերի է մասնակցում: Նրա անհատական վարկանիշն է 2711 միավոր: Աշխարհի նորընծա չեմպիոնուհի Քսյու Յուհուան (Չինաստան) միայն 5-րդ տեղում է (2517): Հայաստանի երկու ներկայացուցիչներ` Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը, զբաղեցնում են, համապատասխանաբար, 21-րդ եւ 38-րդ տեղերը: Մկրտչյանի վարկանիշը 2453 է, Դանիելյանինը` 2422: ՖԻԴԵ-ն միաժամանակ հրապարակել է տարբեր երկրների 10 ուժեղագույն շախմատիստների միջին վարկանիշները: Առաջին հնգյակն այսպիսին է` Ռուսաստան (միջին վարկանիշը` 2716), Ուկրաինա (2663), ԱՄՆ (2625), Ֆրանսիա (2623), Հայաստան (2616): Հայաստանը պահպանում է իր տեղը ուժեղագույնների մեջ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play