ՀՖՖ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵՑ «ՓՅՈՒՆԻԿԻ» ԱՐԱՐՔԸ<br />


ՀՖՖ-Ն ԴԱՏԱՊԱՐՏԵՑ «ՓՅՈՒՆԻԿԻ» ԱՐԱՐՔԸ

  • 31-01-2006 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հունվարի 31-ի նիստում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով քննարկվել է «Համագործակցության գավաթի» մրցաշարում Երեւանի «Փյունիկ» ակումբի դրսեւորած վարքագիծը: Մոսկվայում տեղի ունեցածի մասին հանգամանալից բացատրություններ է տվել «Փյունիկ» ակումբի փոխնախագահ Կարեն Հարությունյանը, ինչպես նաեւ ակումբի նախագահ, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ Խորեն Հովհաննիսյանը: ՀՖՖ նախագահը քվեարկությանէ դրել «Փյունիկ» ակումբին որակազրկելու եւ մեկ տարով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելու հարցը: Սակայն, ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից, Գործադիր կոմիտեի նիստին ներկա բոլոր անդամները դեմ են քվեարկել ՀՖՖ-ի նախագահի առաջարկին: Այնուհետեւ ՀՖՖ-ի Գործադիր կոմիտեն ընդունել է որոշում, որում մասնավորապես ասվում է. «ՀՖՖ-ի Գործադիր կոմիտեն քննարկելով Երեւանի «Փյունիկ» ակումբի «Համագործակցության գավաթի» կիսաեզրափակիչից հրաժարվելու որոշումը, լսելով հանդիպումից հրաժարվելու հետ կապված «Փյունիկ» ակումբի ղեկավարության բացատրությունները, համարելով, որ «Փյունիկ» ակումբի ղեկավարները ստեղծված իրավիճակում կարող էին գտնել ավելի ընդունելի լուծումներ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից «Փյունիկ» ակումբն այսուհետ զրկվել է «Համագործակցության Գավաթին» մասնակցելու իրավունքից, ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշում է` 1.Դատապարտել «Փյունիկ» ակումբի արաքը, 2. Առաջարկել «Փյունիկ» ակումբին` քննարկել հասարակական հնչեղություն ստացած խնդիրը եւ մեղավորներին ենթարկել պատասխանատվության»:
Նոյյան տապան  -   Սպորտ