ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ<br /> ԳՐԱՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ
ԳՐԱՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 09-11-2005 16:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի շախմատիստները հանդիպեցին Չինաստանի շախմատիստուհիների հետ, որոնք տղամարդկանց մրցապայքարին մասնակցելու իրավունք են ստացել որպես վերջին համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ: Հայաստանի հավաքականն այս մրցախաղը շահեց 3-1 հաշվով: Իրենց մրցակցուհիներին հաղթեցին Լեւոն Արոնյանը եւ Սմբատ Լպուտյանը, իսկ Ռաֆայել Վահանյանն ու Աշոտ Անաստասյանը ոչ-ոքի խաղացին: 7-րդ տուրի մյուս 3 հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Չինաստան (տղամարդիկ) - ԱՄՆ` 3,5-0,5, Ուկրաինա - Կուբա` 2-2, Վրաստան - Իսրայել` 2,5-1,5: Ռուսաստանի շախմատիստները խաղից ազատ էին: Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում ընթացող առաջնության ավարտից 2 տուր առաջ միանձնյա առաջատարը Չինաստանի հավաքականն է, որը 24 հնարավորից 19,5 միավոր է վաստակել: Նրան հաջորդում են Ռուսաստանի (15,5 միավոր), Հայաստանի (14), Ուկրաինայի (12,5), ԱՄՆ-ի եւ Վրաստանի (12-ական), Իսրայելի (11,5), Կուբայի (9), Չինաստանի կանանց (6) հավաքականները: Երրորդ տեղում ընթացող Հայաստանի շախմատիստները նոյեմբերի 9-ին կայանալիք նախավերջին տուրում կմրցեն Չինաստանի տղամարդկանց, իսկ հաջորդ օրը վերջին տուրում` Կուբայի թիմերի հետ: Հայաստանի հավաքականը լավ հնարավորություններ ունի առաջնության բրոնզե մեդալակիր դառնալու համար:
Նոյյան տապան  -   Սպորտ