ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում
05-08-2011 13:29:45 | Հայաստան | Տնտեսություն
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ-EBRD) ավելացրել է իր մասնաբաժինը հայաստանում ոսկու արդյունահանման նախագծեր իրականացնող բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ» (Lydian International) ընկերությունում, որն այդ գործարքի շնորհիվ ստացել է 2,13 մլն կանադական դոլար (2 մլն 211 հազ. ԱՄՆ դոլար. ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում): ՎԶԵԲ-ի կանխիկ գումարը հատկացվելու է «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի միայն հայկական նախագծերի իրականացման համար: Այս մասին հայտնել է Proactiveinvestors.co.uk կայքը` հավելելով, որ ՎԶԵԲ-ը մտադիր է գնել «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի ներկայիս 2,4 կանադական դոլար արժողությամբ 3,8 մլն նոր բաժնետոմսեր:
«Լայդիան Ինթերնեյշնլ»-ը հայտարարել է, թե կանխիկ 20 միլիոն դոլար գումար ունի, եւս 2 մլն դոլար ներդրում է կատարելու Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC):
Բրիտանական ընկերության հայկական գլխավոր նախագիծը Սյունիքի մարզի Ամուլսար ոսկու հանքավայրի մշակումն է, որի «Տիգրան»-ի եւ «Արտավազդ»-ի գոտիների երկրաբանական-հետախուզական աշխատանքների արդյունքում հայտարարվել է արդյունահանման ծավալների 2,5 մլն ունցիայի (տնտեսական նախնական գնահատական) սահմանն անցնելու հնարավորության մասին: Մինչեւ 2 կմ խորությամբ կատարած 7 հորատանցքերի տվյալները ցույց են տվել, որ հանքավայրն ունի հանքայնացման նոր սահմաններ եւ ոսկեբեր հորիզոն. ոսկի պարունակող ապարաշերտերը գտնվում են կես կիլոմետր խորության վրա, իսկ ոսկեբեր հորիզոնը, նախկինում արձանագրված տվյալների համեմատ, ձգվում է 1 կմ դեպի հարավ-արեւմուտք: