Երեւանում կկայանա իտալահայ քանդակագործ Սեւակ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը


Երեւանում կկայանա իտալահայ քանդակագործ Սեւակ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը

  • 06-08-2011 16:57:52   | Հայաստան  |  Մշակույթ
Օգոստոսի 8-30-ին Երեւանի «Բյուրոկրատ» գրախանութում կկայանա իտալահայ քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Իտալիայի մեդալի ասոցիացիայի անդամ Սեւակ Գրիգորյանի «Մոնոտիպեր» ցուցահանդեսը: Հայտնելով այս մասին օգոստոսի 6-ի ասուլիսում, նկարիչը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված կլինեն տարբեր թեմաներով գրաֆիկական պատկերներ, որոնք կարծես մեկ մեծ աշխատանքի էսքիզներ լինեն: Քանդակագործը նպատակ ունի իր այս պատկերների հիմքի վրա ֆիլմ նկարահանել եւ այդ առումով համախոհներ, համագործակցության ուղիներ է փնտրում: Ս.Գրիգորյանի մտահաղացմամբ ֆիլմի հերոսները պիտի հենց քանդակները լինեն: «Մեկը գնահատում է երաժշտությունը, մյուսը քանդակը, մեկ ուրիշը` ֆիլմը: Այդ տարբեր մտածողությամբ մարդկանց քո ուզածը հասցնելու համար շատ հետաքրքիր կլինի ամենը համատեղել»,- կարծիք հայտնեց նա: Ս.Գրիգորյանը արդեն 2 անհատական ցուցահանդես է ունեցել Հռոմում, որոնցից առաջինը` «Սալոմե»-ն, ներառում է մեկ քանդակ եւ էրոտիկ թեմաներով գրաֆիկական պատկերներ, երկրորդը` «1915»-ը, նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Սա նույնպես կազմված է գրաֆիկական պատկերներից, որոնցում պատկերված են ցեղասպանությունը վերապրած երեխաներ, եւ մեկ քանդակից, որը այդ պատկերներին նայող սոված, տանջված, առանց ծնողների, բայց, ինչպես նշում է հեղինակը, այդ ամբողջ արհավիրքներից հետո իր ոտքերին կանգնած հայ երեխան է, որը դեռ ճանապարհ ունի անցնելու, մի ճանապարհ, որը հենց ինքն է կերտելու:
Նոյյան տապան  -   Մշակույթ