ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՍՐԱՀՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ
15-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
05-09-2005 21:00:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի
Հանրապետության խորհրդարանի 15-ամյակին է նվիրված նկարչուհի
Սվետլանա Մանդարյանի աշխատանքների ցուցահանդեսը, որ բացվել է
սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովի «կանաչ սրահում»` ԱԺ գիտության,
կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական
հանձնաժողովի նախաձեռնությամբ:
Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ նկարչուհի
չորս տասնյակ գործերից միայն մի շարք է ներկայացված: Ըստ նրա, այս
նկարները կարելի է համարել օրհնված, քանի որ դրանք ցուցադրվել են
նաեւ Էջմիածնում` Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն
ընդունման 1700-ամյակի կապակցությամբ: Հրանուշ Հակոբյանը
շնորհավորել է Սվետլանա Մանդարյանին տաղանդավոր վրձին ունենալու
համար եւ մաղթել նորանոր ցուցահանդեսներ:
Սվետլանա Մանդարյանը նշել է, որ այս նկարներում արտահայտված է
իր անհատականությունը, տիեզերական էներգիան` ամրապնդելով մարդու
կապը տիեզերքի հետ: Նա շնորհակալություն է հայտնել Հրանուշ
Հակոբյանին իրեն այս առիթն ընձեռելու համար: Ըստ նկարչուհու, այս
նկարները դրական էներգիա կներշնչեն Ազգային ժողովի աշխատողներին:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության
հետ կապերի վարչությունից, նկարներն Ազգային ժողովում կցուցադրվեն
մինչեւ սեպտեմբերի 16-ը: