ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ»<br />


ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ՀԿ-ՆԵՐԻ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ»

  • 13-12-2005 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների համագործակցությանն էր նվիրված դեկտեմբերի 13-ին «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացված «Հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների համագործակցության ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» թեմայով սեմինարը: Կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի խոսքերով, ժողովրդավարական պետության կայացման ամենակարեւոր բաղադրիչներից մեկը ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների համագործակցությունն է: Նրա համոզմամբ, քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին հանրության այս 2 շերտերի համագործակցությունը անհրաժեշտություն է, քանի որ դրանցից առաջինը ակտիվորեն արձագանքում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ առաջացած խնդիրներին, իսկ մյուսը` նպաստում այդ խնդիրների վերլուծությանն ու լուծմանը: «Հ2» հեռուստաընկերության փոխտնօրեն, քաղաքական մեկնաբան Արամ Սաֆարյանը նշեց, որ այդ համագործակցությունը իրենց հեռուստաընկերության պարագայում կայացած է: Դեռեւս 2001թ.-ից հեռուստաընկերությունը համագործակցում է մի շարք ՀԿ-ների հետ: Այսպես, հեռուստաընկերությունը հայտ է ստանում այս կամ այն ՀԿ-ից, որն իրականացնում է ծրագիր եւ ունի ֆինանսներ` դրամաշնորհ: Տվյալ կազմակերպությունը այդ դրամաշնորհի գումարի որոշակի մասը տրամադրում է հեռուստաընկերությանը, ինչի դիմաց եւ ստանում է հեռուստաամբիոն: Ա.Սաֆարյանի խոսքերով, իրենք եթեր չեն կարող տրամադրել այն ՀԿ-ներին, որոնք չունեն ֆինանսներ, որքան էլ նրանց ներկայացրած ծրագիրը հետաքրքիր լինի հանրության համար: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ, ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների համագործակցությունը Հայաստանում կայացած չէ: Ըստ նրա, այդ գործակցությանը առաջին հերթին խոչընդոտում է ֆինանսական ռեսուրսների բաժանումը. հայտնի է, որ Հայաստանում դրամաշնորհները հասու են միայն ՀԿ-ներին, ինչն էլ բացասական վերաբերմունք է ձեւավորում ԶԼՄ-ների մոտ: Բացի այդ, ըստ բանախոսի, հանրությունը դեռեւս լավ չի գիտակցում, թե ինչ է ՀԿ-ն եւ ինչ առաքելություն ունի: Իսկ ԶԼՄ-ները ցայսօր բավարար աշխատանք չեն կատարում վերջիններիս գործունեությունը հավուր պատշաճի ներկայացնելու գործում:
Նոյյան տապան  -   Հասարակություն