Օգոստոսի 26-ից 28-ը Երեւանում կկայանա «Yerevan summer music festival-2011» երաժշտական միջազգային փառատոնը
24-08-2011 15:22:49 | Հայաստան | Մշակույթ
Օգոստոսի 26-ից 28-ը Երեւանի Ազատության հրապարակում կկայանա «Yerevan summer music festival-2011» երաժշտական միջազգային փառատոնը, որը կազմակերպել են «Վիբրոգրաֆուս» ընկերությունը եւ Երեւանի քաղապետարանը: Ինչպես օգոստոսի 24-ի ասուլիսում հայտնեց «Վիբրոգրաֆուս» ընկերության հիմնադիր Վարդան Գրիգորյանը, երեք օրվա ընթացքում ելույթ կունենան 12 խմբեր` Հայաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Դանիայից, Վրաստանից եւ ԱՄՆ-ից, որոնք կներկայացնեն ռոք եւ ջազ-ռոք ոճի երաժշտություն: Հայաստանի ներկայացուցներն են` «VO.X», «DOGMA»,«OAKSENHAM»,«THE BAMBIR» եւ «THE BEAUTIFUL PROJEKT» խմբերը:
Վ.Գրիգորյանը նշեց նաեւ, որ իրենց նպատակն է Երեւանը վերածել երաժշտական մեծ քաղաքի, քանի որ հայկական ռոք երաժիշտներն ունեն մեծ ներուժ: Նա վստահեցրեց, նման միջոցառումների կազմակերպումը շարունակական բնույթ է կրելու:
«DOGMA» խմբի անդամ Դերենիկն էլ նշեց, որ փառատոնը հնարավորություն է ընձեռում ավելացնելու իրենց մասնագիտական փորձը, քանի որ հրավիրված երաժիշտներն իսկապես պրոֆեսիոնալ են իրենց ոլորտում:
Փառատոնի յուրաքանչյուր համերգային օր ելույթ կունենա չորս խումբ: Համերգների սկիզբը ժամը 19:00-ին է: Մուտքն ազատ է: