ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ԿԻՆՈԴՊՐՈՑԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԿԻՆՈԴՊՐՈՑԸ

  • 11-11-2008 20:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ, Երեւանում հիմնադրվել եւ սկսել է գործել Սեւծովյան ավազանի եւ կովկասյան տարածաշրջանի համագործակցության երկրների բարձրագույն կինոդպրոցը: Նոյեմբերի 11-17-ը նորաբաց կինոդպրոցում իրանցի հայտնի կինոռեժիսոր Աբաս Քյառոստամին կանցկացնի դասընթացներ. նա կղեկավարի առաջին դասընթացին մասնակցող 30 երիտասարդ ռեժիսորների կուրսը: Ինչպես նոյեմբերի 11-ի մամուլի ասուլիսին հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոդպրոցի հիմնադրումը տրամաբանական շարունակությունն է «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում անցկացվող վարպետության դասերի. կինոդպրոցի կողմից այսուհետ ընթացող դասընթացներին զուգահեռ կանցկացվեն նաեւ պրակտիկ կինոստեղծման աշխատանքներ, որն էլ դասընթացի ավարտին կտա շոշափելի արդյունք` ֆիլմի տեսքով: Կինոդպրոցի համար հատկացված 100 քառ. մետր տարածքում, որը գտնվում է Պարարվեստի ուսումնարանի շենքում, սկզբնական շրջանում կգործի նաեւ «Ոսկե ծիրան» փառատոնի գրասենյակը: Հ.Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ տարեկան 2-3 անգամ անցկացվելիք դասընթացների ավարտին մասնակիցները կստանան վկայականներ` կուրսի ղեկավարի ստորագրությամբ: Սկզբնական շրջանում, ըստ նրա, դասընթացները կկազմակերպվեն ռեժիսորների համար, սակայն հետագայում կբացվեն նաեւ խմբեր օպերատորների եւ կինոգետների համար: Միջազգային այս բարձրագույն կինոդպրոցում ոլորտի վերաբերյալ դասախոսություններ ու վարպետության դասեր կանցկացնեն միջազգային ճանաչում ունեցող այնպիսի կինոռեժիսորներ ու կինոգործիչներ, ինչպիսիք են Ատոմ Էգոյանը, Յոս Ստելլինգը, Գոթֆրի Ռեջջոն, Քշիշտոֆ Զանուսին, Զիմ Վենդերսը եւ այլք:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play