ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԸ ԿԱՐՈՂ Է ՆՊԱՍՏԵԼ ԴՐԱՆՑ<br /> ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ <br />


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԸ ԿԱՐՈՂ Է ՆՊԱՍՏԵԼ ԴՐԱՆՑ
ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆԸ

  • 03-11-2008 16:44:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եթե ասում են, որ արվեստը կյանքի արտացոլանքն է, ապա դա չի նշանակում, որ հեռուստասերիալները պետք է ներկայացնեն այն «այլանդակ երեւույթները», որոնք այսօր գոյություն ունեն առօրյա կյանքում: Իսկ հեռուստալիքներով ցուցադրվող հայկական սերիալներում, ինչպես նոյեմբերի 3-ին բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի հետ բանավեճում նշեց դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը, ներկայացվում է միմիայն փողոցային կյանքը, զարհուրելի ժարգոնը, եւ դրանք ոչ մի դաստիարակչական դեր չեն կարող կատարել: Նա անընդունելի համարեց հեռուստատեսությամբ նման սերիալների ցուցադրումը, քանի որ դրանցով առաջին հերթին տարվում են դեռահասները: «Ես դեմ եմ այդ սերիալների ցուցադրությանը, եւ կարծում եմ, պետք է վերահսկել հեռարձակվող ցանկացած հաղորդում, քանի որ սերիալներից, շոու ծրագրերից, հումորային հաղորդումներից հասարակությունը շատ բան է ընդօրինակում»,- ասաց Հ.Տեր-Կարապետյանը: Նա նշեց նաեւ, որ իր ծանոթ դերասաններն այդ սերիալներում նկարահանվում են միայն գումար վաստակելու համար: Ի տարբերություն դերասանահու, Մ.Պետրոսյանը գտնում է, որ այսօր սերիալները կարեւոր նշանակություն ունեն: Նրա կարծիքով, հատկապես «Շանթ» հեռուստաընկերության ցուցադրած «Վերվարածները» եւ «Որոգայթը» բավականին հաջողված սերիալներ են: Ըստ նրա, այդ սերիալներից կարելի է շատ բան սովորել, քանի որ դրանք իրականությունն են արտացոլում: «Հայկական սերիալներում ներկայացվում է կյանքի ճշմարտության մի հատվածը: Եվ եթե դա էլ չցուցադրվի, ապա հեռուստատեսությունում ճշմարտության ոչ մի հատիկ չի մնա, ու այն կվերածվի կեղծ, զզվելի, մարմելադի պես մի բանի»,- ընդգծեց Մ.Պետրոսյանը: Այդուհանդերձ, բանավեճի մասնակիցները հույս հայտնեցին, որ սերիալների թվի աճը կնպաստի նաեւ որակի բարձրացմանը, եւ ի հայտ կգա լուրջ ստեղծագործական մրցակցություն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play