ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ Է ԱՄՆ ՄՈՒՏՔԻ ՈՉ<br /> ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐԻՆԵՐԻՆ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ Է ԱՄՆ ՄՈՒՏՔԻ ՈՉ
ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

  • 19-12-2007 19:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 18-ի դրությամբ ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագիր ստանալու համար Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն է դիմել 10400 մարդ: Այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գրեթե անփոփոխ է մնացել: Այս մասին դեկտեմբերի 19-ի ասուլիսում հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոս Ռոբին Բյուսեն: Ըստ նրա, դիմորդների թիվը 1999թ.-ից սկսել է նվազել, իսկ վերջին երկու տարիներին` կայունանալ: Ռ.Բյուսեն նշեց նաեւ, որ վերջին 10 տարիների ընթացքում մերժվել է ոչ ներգաղթային արտոնագիր ստանալու դիմումների մոտ 60%-ը: Ըստ նրա, ԱՄՆ-ի Իմիգրացիայի մասին օրենքով, վիզայի համար դիմող ցանկացած անձ համարվում է պոտենցիալ իմիգրանտ: Նրա խոսքերով, հարցազրույցների անցկացման նպատակն է պարզել դիմորդի այն հաստատուն կապերը եւ հանգամանքները` անձնական, ֆինանսա-տնտեսական, անշարժ գույքի սեփականության եւ այլն, որոնք կստիպեն նրան հետ վերադառնալ: Սակայն, Ռ.Բյուսեի խոսքերով, «իրենք հաշվի են առնում մարդու գիտակցությունը»: Այսինքն, դիմորդը կարող է ունենալ եկամտաբեր աշխատանք, սակայն չկարողանա համոզիչ ներկայացնել իր ուղեւորության նպատակը: Հյուպատոսն ընդունում է, որ երբեմն իրենք էլ են սխալվում, սակայն վստահ է, որ հիմնականում ճիշտ որոշումներ են կայացնում: Ռ.Բյուսեն նշեց նաեւ, որ քիչ չեն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր խախտում են արտոնագրի պայմանները ու ավելի երկար են մնում ԱՄՆ-ում կամ ընդհանրապես ետ չեն վերադառնում:
Նոյյան տապան  -   Հասարակություն