ԻՆԸ ՀԱՅ ՍՊԱՆՎԵՑ ՉԵՉԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ. ԿԱՐԾԵՍ ՈՉ ՈՔԻ<br /> ՊԵՏՔԸ ՉԷ<br />


ԻՆԸ ՀԱՅ ՍՊԱՆՎԵՑ ՉԵՉԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ. ԿԱՐԾԵՍ ՈՉ ՈՔԻ
ՊԵՏՔԸ ՉԷ

  • 28-09-2004 19:00:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Հոդվածագիր` Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» Այս ամիս ավելի վաղ, երբ չեչեն ահաբեկիչները Բեսլանում (Հյուսիսային Օսեթիա, Ռուսաստան) դպրոց գրավեցին, 1200 պատանդների թվում կային առնվազն 33 հայեր: Գրոհի փորձի ընթացքում սպանվեց ավելի քան 300 մարդ` երեխաներ, ծնողներ եւ ուսուցիչներ, որոնց թվում 9 հայ (հինգ դպրոցական եւ չորս չափահաս): Հայերից մի քանիսը դեռեւս անհետ կորած են: Աշխարհի մյուս երկրների հետ Հայաստանի ղեկավարները եւս ռուսական կառավարությանը մարդասիրական օգնություն եւ ցավակցական ուղերձներ հղեցին: Ցավոք, ոչ հայ պաշտոնյաները եւ ոչ էլ հայկական կազմակերպություններն իրենց նեղություն չտվեցին ցավակցություն հայտնել ինը հայերի զոհվելու կապակցությամբ: Ոչ մի դատապարտում չհնչեց այս անմեղ հայերի սառնասիրտ սպանության կապակցությամբ: Մինչ Ռուսաստանի կառավարությունը չեչեն ապստամբների առաջնորդներին սպանելու կամ ձերբակալելու դիմաց 10 միլիոն ԱՄՆ դոլարի պարգեւ է խոստացել եւ իրեն այլ երկրներում ահաբեկիչներին կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունք է վերապահել, հայ պաշտոնյաներն անգամ ցավակցական խոսք չուղղեցին հայ զոհերի ընտանիքներին: Նրանք հետաքրքրություն չցուցաբերեցին սպանվածների եւ վիրավորվածների ճակատագրի հանդեպ, չնայած նրանցից ոմանք Հայաստանի քաղաքացիներ էին: Ճիշտ է, ահաբեկչական գործողության կազմակերպիչներին հայտնաբերելու հարցում Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, սակայն հայ պաշտոնյաները կարող էին գոնե կարեկցանք հայտնել զոհերի ընտանիքներին, հատուկ ֆոնդ ստեղծել նրանց օգնելու համար եւ պատրաստակամություն հայտնել աջակցել Ռուսաստանի իշխանություններին այդ ահաբեկիչների առաջնորդներին հայտնաբերելու գործում: Հայ պաշտոնյաները հաճախ են խոսում այն մասին, որ աշխարհի բոլոր հայերը «մեկ ազգի» են պատկանում` անկախ իրենց բնակության վայրից: Իրենց հանդեպ որոշակի վստահություն ներշնչելու համար այդ պաշտոնյաները պետք է գործերով ցույց տան, որ իսկապես անհանգստանում են Հայրենիքից հեռու գտնվող հայրենակիցների համար: Սոսկ երգի եւ պարի ամենամյա փառատոններ կազմակերպելը դեռ քիչ է (!):
Նոյյան տապան  -   Վերլուծություն