«Նարեկացի» արվեստի միության երեւանյան մասնաճյուղը 7 տարեկան է


«Նարեկացի» արվեստի միության երեւանյան մասնաճյուղը 7 տարեկան է

  • 05-09-2011 14:14:06   | Հայաստան  |  Մշակույթ
Սեպտեմբերի 5-ին լրանում է «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) երեւանյան մասնաճյուղի հիմնադրման յոթերորդ տարելիցը: Հայտնելով այս մասին նույն օրվա ասուլիսում, ՆԱՄ-ի հիմնադիր Նարեկ Հարությունյանը նշեց, որ միությունը շահույթ չհետապնդող եւ բացառապես բարեգործական գործունեությամբ զբաղվող հասարակական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է 2002թ.-ին ԱՄՆ-ում: ՆԱՄ-ի առաքելությունն է մշակել, աջակցել, հովանավորել եւ իրականացնել հայ արվեստի եւ հոգեւոր մշակույթի ժառանգության պահպանմանը, նորացմանը ու զարգացմանն ուղղված ծրագրեր եւ նախաձեռնություններ: Իր յոթնամյա գործունեության ընթացքում միությունը թողարկել է շուրջ երկու տասնյակ արժեքավոր ձայնասկավառակներ, կազմակերպել 3000 համերգ, ինչպես նաեւ` տարբեր ցուցահանդեսներ, վարպետության դասեր: ՆԱՄ-ը ունի մասնաճյուղեր Երեւանում եւ Շուշիում: ՆԱՄ-ի Շուշիի մասնաճյուղը ստեղծվել է 2004թ-ին: «Այն ավելի շուտ կրթական հաստատություն է, որը կերտում է նոր սերունդ, նոր շունչ»,- ասաց Ն.Հարությունյանը: Շուշիի մասնաճյուղի հիմանական նպատակը, նրա խոսքերով, պատերազմից ուժասպառ քաղաքի մշակութային զարթոնքին նպաստելն է: Ասուլիսին ներկա երգահան-կատարող Ռուբեն Հախվերդյանը նշեց, որ ՆԱՄ-ի հետ համատեղ գործունեության շնորհիվ ստեղծվել է մանկական երգերի ձայնասկավառակ: Նա նաեւ տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են «Կտակ» նոր ձայնասկավառակի պատրաստման աշխատանքները: Անդրադառնալով հայկական մշակույթի ցավոտ խնդիրներին, Ռ.Հախվերդյանը հայտարարեց. «Այսօր մշակութային պատերազմ է գնում»։ Նրա խոսքերով, այս պատերազմում պարտության դեպքում իրական պատերազմում պարտությունն ախուսափելի է:
Նոյյան տապան  -   Մշակույթ