Հարուցվել է քրեական գործ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ մանկաբարձ-գինեկոլոգի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ

  • 06-09-2011 18:19:17   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով /Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը/, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, որը, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը դեպքի կապակցությամբ, ներկայացրել է տեղեկատվություն սեպտեմբերի 5-ի դրությամբ պարզված հանգամանքների վերաբերյալ ։ Գնդեվազ գյուղի բնակչուհի Արմինե Թորոսյանը փետրվարի 2-ին որպես հղի հաշվառվել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում: Ընդհանուր առմամբ հղիությունն ընթացել է նորմալ եւ պտղի մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել, զարգացումն ընթացել է նորմայի սահմաններում: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2011թ. հերթական կոնսուլտացիայի ժամանակ հղի Ա.Թորոսյանը «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անցել է սոնոգրաֆիկ հետազոտություն, որի ժամանակ պարզվել է, որ արձանագրված հղիության ժամկետը չի համապատասխանում հղիության օբյեկտիվ տվյալներին: Հղին ուղեգրվել է դոպլեր քննության` «Արմենիա» ԲԿ: Մի քանի օր անց Ա.Թորոսյանն իր կոնսուլտացիոն բժշկին հեռախոսով տեղյակ է պահել, որ դոպլեր հետազոտությամբ իր մոտ խնդիրներ չեն հայտնաբերվել եւ այլեւս չի ներկայացել կոնսուլտացիաների: Օգոստոսի 11-ին Ա.Թորոսյանը դիմել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք: Նույն օրը, ինչպես նաեւ օգոստոսի 14-ին տնային հերթապահությունն իրականացրել է «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը, ով օգոստոսի 11-ին զննելով ծննդկանին պարզել է, որ ծննդաբերական ընթացք չկա, նշանակել է միջմկանային անալգին-դիմեդրոլ` ցավերը հանգստացնելու համար, եւ ուղարկել տուն: Օգոստոսի 14-ի ժամը 5:00-ի սահմաններում Ա.Թորոսյանը կրկին դիմել է վերոհիշյալ բուժհաստատություն: Հերթապահ մանկաբարձուհին զննել է նրան, զանգահարել մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչին ու հայտնել, որ ծննդկանի վիճակը նորմալ է, եւ ներզննման տվյալներով արգանդի պարանոցի բացում չկա: Բաժանմունքի վարիչը հեռախոսազրույցի ընթացքում ցուցում է տվել կատարել մաքրող հոգնա, իսկ ինքը հիվանդանոց է գնացել 10:30-ին, անձամբ կատարել ներզննում եւ պարզել, որ արգանդի պարանոցի բացումը 2 սմ է, պտղապարկը` պահպանված, իսկ հեմոդինամիկ մյուս տվյալները` նորմալ: Պտղի սրտի աշխատանքը եղել է 147-148 զարկ 1 րոպեում, ինչը եւս նորմայի սահմաններում է եղել: Ծննդկանի հերթական զննումը կատարվել է 16:30-ին։ Զննման տվյալներով ծննդաբերության ընթացքը եղել է նորմալ: Հղիի մոտ ճիգային շրջանը սկսվել է ժամը 20-ին, արգանդի պարանոցի բացվածքը եղել է լրիվ: Ժամը 21-ին նկատվել է ճիգային շրջանի թուլություն: Անմիջապես ձեռնարկվել է ստիմուլյացիա` ծննդաբերության խթանում, պտղի սրտի աշխատանքը եղել է նորմալ, ներարգանդային թթվածնային քաղց չի ախտորոշվել: Ժամը 22:15-ի սահմաններում պտղի մոտ նկատվել է թթվածնային քաղց, իսկ գլուխը եղել է կոնքի ելքի ուղիղ չափսում, որի դեպքում ցուցված է եղել կատարել վակում – էքստրակցիա: Սակայն բուժմիավորումում տվյալ գործիքների բացակայության պատճառով կատարվել է էպիզքոտոմիա` շեքի կտրվածք, որից հետո մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը պտղի պարանոցի հատվածից բռնելով` դուրս է բերել: Երեխան ծնվել է կենդանի, բայց չի ճչացել: Երեխայի պարանոցին եղել է պորտալարի եռակի փաթաթում եւ պորտալարի վրա եղել է մեկ իսկական հանգույց: Բաժանմունքի վարիչը նորածնի պարանոցն ազատել է պորտալարից եւ թուլացրել հանգույցը: Երեխայի սրտի աշխատանքը եղել է նորմալ, սակայն երեխան լիարժեք չի շնչել: Այնուհետեւ բաժանմունքի վարիչի եւ մանկաբարձուհու կողմից կատարվել է նորածնի վերին շնչուղիների արտածծում, արհեստական շնչառություն եւ վերակենդանացման այլ միջոցառումներ, որոնք օգուտ չեն տվել: Երեխան չի ճչացել շուրջ 40 րոպե: Այնուհետեւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի կողմից հրավիրվել են նույն բուժմիավորման բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը եւ մանկաբույժը: Վերջիններիս ներկայանալուց հետո մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչն օգնություն է ցույց տվել Ա.Թորոսյանին: Տեսնելով, որ երեխայի վիճակը ծանր է` համապատասխան կանչ է տրվել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից: 2 ժամ անց ժամանած շտապ օգնության անձնակազմը համապատասխան բուժօգնություն ցույց տալուց հետո երեխային տեղափոխել է Երեւան քաղաքի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ եւ 2011թ. սեպտեմբերի 4-ին մահացել է:
Նոյյան տապան  -   Հասարակություն