ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ<br /> ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԱՐԸ<br />


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԳՐԱԿԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ
ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԱՐԸ

  • 11-08-2004 14:24:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մ.Աբեղյանի անվան գրականագիտության ինստիտուտի եւ Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ հրատարակվել է «Գրականագիտական հանդես» պարբերականի առաջին հատորը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց պարբերականի գլխավոր խմբագիր, գրականագետ Ազատ Եղիազարյանը, հանդեսում լուսաբանվելու են հայ գրականության պատմության եւ ժամանակակից գրականության զարգացման հարցերը, գրականության տեսական խնդիրները: Թարգմանաբար պարբերաբար կներկայացվեն համաշխարհային գրականագիտական մտքի նշանավոր գործերը, որոնք մինչ այդ անծանոթ են եղել հայ ընթերցողին: Ըստ Ա.Եղիազարյանի, տարբեր պատճառներով անցյալում բավականաչափ չի ուսումնասիրվել սփյուռքահայ մի շարք գրողների գործունեությունը: «Մենք դեռ հեռու ենք սփյուռքահայ գրականության մասին ամբողջական պատկերացում ունենալուց: Եվ նոր հանդեսի գլխավոր խնդիրներից մեկն այս բացը լրացնելն է»,- նշեց նա: Արդեն հանդեսի առաջին համարում տպագրված են հոդվածներ Զապել Ասատուրի, Հակոբ Օշականի, Բուզանդ Թոփալյանի, Անդրանիկ Ծառուկյանի, Կոստան Զարյանի եւ ուրիշների մասին: Ա.Եղիազարյանն ընդգծեց, որ հանդեսն իր էջերը կտրամադրի նաեւ երիտասարդ գրականագետներին, քանզի, նրա խոսքերով, «նրանք պետք է շարունակեն, զարգացնեն, խորացնեն բոլոր այն ավանդույթները, որոնք ստեղծվել են հայ գրականագիտության մեջ, նոր գաղափարներ եւ մոտեցումներ առաջադրեն` հենվելով այդ ավանդույթների եւ համաշխարհային գրական մտքի ձեռքբերումների վրա»: Նշենք, որ «Գրականագիտական հանդես»-ի երկրորդ համարում նախատեսվում է հրապարակել հատվածներ Ավետիք Իսահակյանի` հայոց եղեռնին նվիրված «Սպիտակ գրքից», Հակոբ Օշականի նամակագրությունից, ինչպես նաեւ Մարո Ալազանի հուշերը Եղիշե Չարենցի, նաիրի Զարյանի եւ հայ գրականության այլ երախտավորների մասին:
Նոյյան տապան  -   Մշակույթ