«Հույսը զորավիգ» գիրքը ներկայացված է հայ ընթերցողին


«Հույսը զորավիգ» գիրքը ներկայացված է հայ ընթերցողին

  • 09-09-2011 17:01:11   | Հայաստան  |  Մշակույթ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ կանադահայ գրող Մոնա Մարիան Մարիկյանի «Հույսը զորավիգ» գրքի շնորհանդեսը: Հիմնվելով պատահաբար գտած հոր օրագրի, ինչպես նաեւ իր ու ընտանիքի անդամների հիշողությունների վրա` Մոնա-Մարիան Մարիկյանը պատմում է ծնողների աներեւակայելի ոդիսականը: Վավերագրությունն արտացոլում է այն սփյուռքհայերի առօրյան, ովքեր 1948-ին, կոմունիստական վարչակարգի օրոք, ներգաղթեցին Սովետական Հայաստան: Չնայած կրած տառապանքներին, զրկանքներին ու հալածանքներին, անգամ սիբիրյան աքսորին` հայրենադարձները կամքով ու համառությամբ հաղթահարեցին դժվարությունները: Կոմունիստական հայրենիքը նրանց համար կյանքի «համալսարան» դարձավ: ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, անդրադառնալով գրքի բովանդակությանը, նաեւ շեշտեց, որ նման միջոցառումները կարեւոր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս Հայրենիքում ներկայացնել Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ստեղծագործական հաջողությունները եւ հակառակը: «Նման գրքերը հերթական անգամ ցույց են տալիս մեր ժողովրդի դառը պատմությունը, բայց հույս եւ հավատ ներշնչում, որ ապագան փայլուն է լինելու»,- ավելացրեց տիկին Հակոբյանը: Գրքի` ֆրանսերենից հայերեն թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը մատնաշնեց, որ այս պատմությունը ոչ թե մեկ հայ ընտանիքի, այլ Ցեղասպանություն ապրած հարյուրավոր հայ ընտանիքների դառը ճակատագրի վառ օրինակ է: Անդրադառնալով գրքի հեղինակի անմիջական գրչի շնորհքին` Գ. Ջանիկյանը հավելեց. «Ամեն հայ գրող է. այն հայը, որ 15 թվական է տեսել, Սիբիր է տեսել, չի կարող գրող չլինել»: Շնորհանդեսին իր ողջյունի խոսքն էր բերել նաեւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Իրանում ՀՀ առաջին արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Բարբուրդյանը: Միջոցառման ավարտին հեղինակի հուշագրությամբ ներկաներին գրքի օրինակներ բաժանվեցին:
Նոյյան տապան  -   Մշակույթ