Արմեն Մարտիրոսյան.«Պարզվեց, որ անկախություն ձեռք բերելը շատ ավելի դյուրին էր, քան այն պահպանելը»


Արմեն Մարտիրոսյան.«Պարզվեց, որ անկախություն ձեռք բերելը շատ ավելի դյուրին էր, քան այն պահպանելը»

  • 13-09-2011 19:15:16   | Հայաստան  |  Քաղաքական

«Պարզվեց, որ անկախություն ձեռք բերելը շատ ավելի դյուրին էր, քան այն պահպանելը»,- ՀՀ Ազգային Ժողովի սեպտեմբերի 13-ի նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը; Նրա խոսքերով, անկախություն ձեռք բերելուց եւ Արցախյան ազատամարտում հաղթանակ տանելուց անմիջապես հետո, մեր «վայ» իշխանավորները, փոխարեն օգտվելով նպաստավոր իրավիճակից զարգացնեին հաջողությունները թե դիվանագիտական, թե տնտեսական եւ թե արդար կառավարման ճակատներում, սկսեցին արագորեն մսխել այդ հաղթանակների արդյունքները: Առաջին փուլում, ըստ Ա.Մարտիրոսյանի, տեղի ունեցավ ետնահանջ ժողովրդավարական կառավարման սկզբունքներից, իսկ հետագայում՝ տնտեսության փոշիացում եւ հզորությունների կուտակում մի քանի կլանների ձեռքերում: Եվ վերջապես այս ամենի արդյունքում դիվանագիտական պարտություններ` Արցախի անկախության ճանաչման անզորություն, նրան բանակցային սեղանից հեռացում ու հայ-թուրքական խայտառակ արձանագրություններ, որտեղ հայկական կողմն իր ստորագրությունը դրեց պատմաբանների հանձնաժողովի, Մոսկվայի ու Ղարսի դավադիր ու անօրեն պայմանագրով ձեւավորված սահմանի վավերացման տակ: «20 տարի առաջ` սեպտեմբերի 21-ի հանրաքվեին, դեռ չէր լրացել իմ 18 տարեկանը, եւ ես չքվեարկեցի: Բայց ինչպես իմ հասակակիցները եւ բովանդակ հայ ժողովուրդը չբացակայելով հանրապետությունից գեթ մեկ րոպե` ես կրեցի բոլոր այդ զրկանքները: Տանում եմ այն դառնություններն ու դժվարությունները, որոնք կրում են մեր քաղաքացիները: Բայց միեւնույն է, ես ԱՅՈ' եմ ասում անկախությանը, որովհետեւ իմ ազգը բարձր թռիչքի ազգ է, եւ որքան էլ հիմա իր թեւերը վիրավոր, միեւնույն է այն շատ շուտով բուժվելու է, եւ մենք շարունակելու ենք մեր հարատեւման ընթացքը»,- հայտարարեց Ա.Մարտիրոսյանը:  
Նոյյան տապան  -   Քաղաքական