Երեկանում բացվեց Կերպարվեստի համահայկական առաջին ցուցահանդեսը


Երեկանում բացվեց Կերպարվեստի համահայկական առաջին ցուցահանդեսը

  • 15-09-2011 16:40:33   | Հայաստան  |  Մշակույթ
 ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ կազմակերպել է Կերպարվեստի համահայկական ցուցահանդես, որի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին: Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը ներկա էին, նկարիչների միության նախագահ Կարեն Աղայանը, ցուցահանդեսի մասնակից հայ նկարիչներ սփյուռքից: «Այս օրերին տոնական է հագել ոչ միայն Հայաստանը, այլեւ Սփյուռքը»,- նշեց Հ. Հակոբյանը: Հաշվի առնելով այն փաստը, որ ցուցադրությանը ներկայացված են ոչ միայն հայազգի, այլ նաեւ ռուս եւ բելոռուս նկարիչների աշխատանքները, սփյուռքի նախարարը ցուցադրությունը անվանեց համահայկական-միջազգային: Ըստ նրա, ցուցադրության օրերին նկարիչներին հնարավորություն է ընձեռնված մշակութային երկխոսության իրականացման համար: Բարի երթ մաղթելով ցուցահանդեսին, Հ. Հակոբյանը հայտնեց, որ այն կրելու է շարունակական բնույթ: Ցուցահանդեսում ներկայացված են հայազգի ստեղծագործողների աշխատանքներ Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վրաստանից, Էստոնիայից, Իտալիայից, Բելգիայից, Իրաքից, Ուկրաինայից եւ Ավստրալիայից: Ամերիկաբնակ Հենրիկ Վարդենիկցու խոսքերով, առաջին անգամ կազմակերպվող նման ցուցահանդեսը առանձնանում է իր որակով եւ ներկայացված աշխատանքների բազմազանությամբ: Շնորհավորելով անկախության տոնը, նա նշեց, որ քայլ առ քայլ պետք է առաջ շարժվել: «Իմ ցանկությունն է, որ Հայաստանը դառնա կերպարվեստի միջազգային կենտրոն»,- նշեց Հ.Վարդենիկցին: ԱՄՆ-ից ժամանած այլ նկարիչ Սյուզան Սեւոն (Սուսաննա Սեւոյան) նշեց, որ ցանկացած ցուցահանդես տոն է նկարիչների համար: Կարեւորելով ՀՀ անկախության տոնը, նա ցանկություն հայտնեց, որ բոլոր նկարիչներն իրենց աշխատանքների միջոցով կարողանան թարմություն եւ նոր շունչ հաղորդել հայկական կերպարվեստին եւ հայ մարդու ապրելակերպին:
Նոյյան տապան  -   Մշակույթ