ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ՀԻԱՆԱԼԻ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ
ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
26-02-2004 16:15:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում ավարտվեց
շախմատի «Աերոֆլոտ Օփեն» փառատոնը: Ուժեղագույն «A» մրցաշարում
հիանալի հանդես եկավ երեւանցի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:
Հայկական շախմատի 52-ամյա վետերանը խաղում էր երիտասարդական
եռանդով` ցուցադրելով բարձր վարպետություն: Նա 9 հանդիպումներից
5-ը շահեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի եւ 7 միավորով բաժանեց 1-3-րդ
տեղերը: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ հաղթող
ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռուբլեւսկին, որը բացի
գլխավոր մրցանակից նաեւ իրավունք ստացավ հանդես գալու ամռանը
Դորտմունդում կայանալիք սուպերմրցաշարում:
«A» մրցաշարում Տիգրան Լ.Պետրոսյանը 6 միավորով գրավեց 21-րդ
տեղը: Այս բարձր արդյունքը պատանի շախմատիստին հնարավորություն
տվեց 3-րդ անգամ լրացնել միջազգային գրոսմայստերի նորման: Այս
բարձր կոչումը նրան կշնորհվի 2004թ.-ի անցկացվելիք ՖԻԴԵ-ի
կոնգրեսներից մեկում: Պաշտոնապես միջազգային գրոսմայստեր հռչակվեց
գյումրեցի շախմատիստ Արա Մինասյանը: Նրա անհատական վարկանիշը
ընդամենը 1 կետով էր պակաս կոչումը ձեւակերպելու համար, եւ բացը
լրացվեց մոսկովյան մրցաշարի 3-րդ մրցափուլում: Արան ի վերջո
վաստակեց 5,5 միավոր: Այդպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ Կարեն
Ասրյանն ու Գաբրիել Սարգսյանը:
«A» խմբում հանդես եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչների
արդյունքներն այսպիսին են. Արտաշես Մինասյան` 5, Արման Փաշիկյան`
4, Էլինա Դանիելյան` 3 միավոր: