15-ԱՄՅԱ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ԴԱՐՁԱՎ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ<br />


15-ԱՄՅԱ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏԸ ԴԱՐՁԱՎ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

  • 25-02-2004 17:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ Օփեն» շախմատային փառատոնի 3 մրցաշարերից 2-ն արդեն ավարտվել են: «C» մրցաշարում հիանալի հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ, 15-ամյա Ավետիք Գրիգորյանը: Վերջին` 9-րդ, մրցափուլից առաջ նա 7,5 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը եւ վերջնական հաջողության լավ հնարավորություններ ուներ: Սակայն վճռական հանդիպումը Ավետիքը տանուլ տվեց եւ ի վերջո բաժանեց 2-4-րդ տեղը: Բայց սա էլ շատ բարձր արդյունք է: Իսկ «C» մրցաշարի հաղթող դարձավ Ալեքսանդր Պոտապովը, որը 8 միավոր վաստակեց: «B» մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր, 1-4-րդ տեղերը բաժանեցին ռուսաստանցի շախմատիստներ Անատոլի Շվեդչիկովը, Ձակայ Ձակաեւը եւ Վրաստանի ներկայացուցիչներ Գիորգի Բագատուրովն ու Դավիթ Հարությունյանը: Այս մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան Լեւոն Բաբուջյանը, Աշոտ Նադանյանը եւ Տիգրան Քոթանջյանը, որոնք 6,5-ական միավոր վաստակեցին: Ուժեղագույն «A» խմբում մասնակիցներին մնացել է անցկացնել մեկական հանդիպում: 8 մրցափուլից հետո միանձնյա առաջատարը ռուսաստանցի Վալերի Ֆիլիպովն է, որը 6,5 միավոր ունի: Նրան անմիջապես հաջորդող 7 շախմատիստներից բաղկացած խմբում է նաեւ Ռաֆայել Վահանյանը, որը 6 միավոր է վաստակել: Ընդ որում, 8-րդ մրցափուլում նա պարտության մատնեց պատանի Տիգրան Լ. Պետրոսյանին: «A» խմբում Կարեն Ասրյանը 5,5 միավոր է վաստակել եւ նույնպես բարձր տեղ գրավելու հնարավորություն ունի:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play