Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Ճապոնիայում


Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Ճապոնիայում

  • 22-09-2011 16:15:48   | Ճապոնիա  |  Մամլո հաղորդագրություն
 Սեպտեմբերի 21-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին: Միջոցառմանը, որը տեղի ունեցավ Տոկիոյի «Հոթել Օկուրա» հյուրանոցում, մասնակցեցին Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Կազույուկի Համադան, Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորներ Հիսաշի Տոկունագան եւ Յուրիկո Կոիկեն, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ` ի դեմս Ճապոնիայի ԱԳՆ-ի, Միջազգային համագործակցության գործակալության (JICA), Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) ղեկավարության: Հայ ժողովրդին ուղղված շնորհավորանքներին միանալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի տասնյակ ղեկավարներ, Ճապոնիա-Հայաստան ընկերակցության, հայ-ճապոնական բարեկամության միության անդամներ, ինչպես նաեւ երկրի ֆինանսատնտեսական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համալսարանների ղեկավարներ, գործարարներ, արվեստագետներ եւ լրագրողներ: Հայաստանի Հանրապետության քսանամյա հոբելյանի առիթով հյուրերին ողջույնի խոսք հղելով` դեսպանության խորհրդատու Հրանտ Պողոսյանն ընդգծեց, որ անկախություն հռչակելուց ի վեր Հայաստանի ժողովուրդը հաստատակամ է եղել իր նվաճումները պաշտպանելու, ժամանակակից եւ դինամիկ զարգացող տնտեսություն, ժողովրդավարական եւ սոցիալապես ապահով հասարակություն կառուցելու գործին: Նա նշեց, որ այս դժվարին տարիներին Հայաստանը միայնակ չի եղել` մշտապես վայելելով միջազգային հանրության, մասնավորապես` Ճապոնիայի ժողովրդի անշահախնդիր աջակցությունը, ինչը ծառայել է Հայաստանի ամրապնդմանը: Իր շնորհավորական ելույթում Ճապոնիայի փոխարտգործնախարար Կազույուկի Համադան ջերմորեն շնորհավորեց Հայաստանի ղեկավարությանը, հայ ժողովրդին եւ աշխարհասփյուռ հայությանը հոբելյանի կապակցությամբ եւ նշեց, որ ինչպես Ճապոնիայի կառավարությունը, այնպես էլ Ճապոնիայի ժողովուրդը երբեւէ չեն մոռանա վերջերս Ճապոնիայում պատահած բնական աղետների ժամանակ Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի ցուցաբերած անկեղծ կարեկցանքն ու անշահախնդիր աջակցությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելությանը հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ժողովրդական երաժշտություն, իսկ սրահում կազմակերպվել էր լուսանկարների ցուցադրություն՝ «Հայաստան. 20 ամյա ուղի» խորագրով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն