ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ<br /> ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ
ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 05-11-2003 20:33:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացվեց սիրողական բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիայի (ԵԱԲԱ) գործկոմի նիստը, որի աշխատանքներին մասնակցեցին նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը եւ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Գործկոմը մասնավորապես որոշեց, որ 2004 թվականի փետրվարին Խորվաթիայի Պուլա քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունը սպասարկողների թվում կլինի անցյալում հայտնի բռնցքամարտիկ, միջազգային կարգի մրցավար, երեւանցի Սուրեն Ղազարյանը: Եվրոպայի առաջնությունը միաժամանակ ընտրական բնույթ կկրի. այստեղ հաջող հանդես եկած բռնցքամարտիկները իրավունք կստանան հանդես գալու Աթենքի օլիմպիական խաղերում: Որոշվել է, որ, սկսած ապրիլ ամսից, եւս 4 ընտրական մրցաշար կանցկացվի: Դրանք տեղի կունենան Պլովդիվում, Գյոթեբորգում, Վարշավայում եւ Բաքվում: Հայկական սպորտի ղեկավարները պահանջեցին, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում ադրբեջանական կողմը անվտանգության երաշխիքներ տա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային: Հակառակ դեպքում ընտրական մրցաշարը պետք է այլ քաղաքում անցկացվի: Դերենիկ Գաբրիելյանը, որը ԵԱԲԱ-ի գործկոմի անդամ է, միջազգային բռնցքամարտի զարգացման գործում անձնական մեծ ներդրման համար արժանացավ բարձրագույն պարգեւի` ոսկե մեդալի: Իշխան Զաքարյանն ու Դերենիկ Գաբրիելյանը հանդիպեցին Ռուսաստանի ՕԿ-ի նախագահ Լեոնիդ Տյագաչովի եւ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Էդուարդ Խուսայինովի հետ եւ քննարկեցին ՌԴ-ում բնակվող մի քանի հայազգի բռնցքամարտիկների` Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալու հարցը: ԵԱԲԱ-ի աշխատանքներին հրավիրված էր նաեւ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Անվար Չաուդրին (Պակիստան), որն այս օրերին իր 80-ամյակն է նշում: Հոբելյարին, համաշխարհային սպորտի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար, Իշխան Զաքարյանը պարգեւատրեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բարձրագույն պարգեւով` «Պատվո շքանշան»-ով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play