Սեպտեմբերի 24-ին Գորիսում կմեկնարկի «Կինոաշուն-2011» ազգային կինոյի ամիս» ծրագիրը


Սեպտեմբերի 24-ին Գորիսում կմեկնարկի «Կինոաշուն-2011» ազգային կինոյի ամիս» ծրագիրը

  • 23-09-2011 12:28:04   | Հայաստան  |  Մշակույթ
«Կինոաշուն-2011» ազգային կինոյի ամիս» ծրագիրն այս տարի նվիրվում է Հայաստանի անկախության 20 ամյակին: Հայտնելով այս մասին սեպտեմբերի 23-ի ասուլիսում, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը տեղեկացրեց, որ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 24-ին Գորիսում, իսկ փակումը տեղի կունենա Երեւանում՝ հոկտեմբերի 28-ին: Ծրագրի շրջանակներում կինոցուցադրություններ են կազմակերպվելու Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաեւ` Երեւանի համայնքներում: Մարզային ցուցադրությունների նպատակն է աշխուժացնել տեղի մշակութային կյանքը, մասնակից դարձնել մարզերի բնակչությանը մայրաքաղաքում իրականացվող միջոցառումներին: Բացի ֆիլմերի ցուցադրություններից ներկայացվելու են կինոարխիվային բացառիկ նյութեր, կազմակերպվելու են հոբելյանական երեկոներ, ստեղծագործական հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ եւ գրախոսականների մրցույթներ: «Ամենամյա այս կինոնախագիծը նպատակ ունի հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթ ու մարզային կինոցանցը»,- նշեց Գեւորգ Գեւորգյանը: Ըստ նրա, եթե նախորդ տարի ֆիլմերի ընտրությունը կատարվել էր ժամանակագրական առումով, ապա այս տարի ընտրվել են հիմնականում անկախության շրջանում նարահանված ֆիլմերը: «Ամեն մարզում նախատեսվում է գոնե մեկ ֆիլմի պրեմիերա»,- նշեց նա, հավելելով, որ ցուցադրվելու են նաեւ հին սիրված ֆիլմեր: Ծրագրի գլխավոր հովանավորն է Ռուսաստանի հայերի միությունը եւ Հայերի համաշխարհայի կոնգրեսը: ՌՀՄ-ի փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ ծրագիրը կնպաստի հայկական կինոյի զարգացմանը, նաեւ մարզերի բնակիչներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ հայկական կինոյի ավանդույթներին:
Նոյյան տապան  -   Մշակույթ