Իրանում Հայաստանի դեսպանատունն ընդունելութիւն էր կազմակերպել Անկախութեան տօնի առիթով


Իրանում Հայաստանի դեսպանատունն ընդունելութիւն էր կազմակերպել Անկախութեան տօնի առիթով

  • 26-09-2011 17:19:35   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«ԱԼԻՔ» օրաթերթ 26 սեպտեմբերի 20 տարի առաջ 1991 թւականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակւեց որպէս վերանկախացած Հանրապետութիւն, որը իր դարաւոր պատմութեան հնոց մատեաններում ամրագրեց եւս յաղթական մի կարեւորագոյն էջ՝ էջադրելով Հայաստանի Անկախ Հանրապետութիւն: Այսօր երկու տասնամեակների ընդմիջից հայոց պետականութիւն կերտած ժողովուրդը ամենուր տօնում է իր այս մեծ տօներից տօն դարձած պատմական իրողութիւնը: Եւ երէկ՝ սեպտեմբերի 25-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի մատուռի շրջակայքում մինչ «Այգեստան» տօնական տրամադրութիւն էր տիրում, Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատունն ընդունելութիւն էր կազմակերպել երեկոյեան ժամը 7:00-ից մինչեւ 8:30-ը: Անկախութեան տօնի առիթով շնորհաւորելու էին եկել շուրջ 60 երկրների ներկայացուցիչներ՝ 40 երկրների դեսպաններ, միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, օտարերկրացի մշակութային գործիչներ, իրանցի պաշտօնատարներ, ՀՀ-ում Իրանի Իսլ. Հանրապետութեան նախկին դեսպան Քոլէյնին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանը, Իսլ. խորհրդարանում հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ Գեւիկ Մկրտչեանը, թեմիս Օրէնսդիր եւ Գործադիր մարմինների ներկայացուցիչներ եւ հիւրեր: Հնչեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլ. Հանրապետութեան պետական հիմներգերը, ապա օրւայ հաղորդավարուհի Ռուբինա Մելիք-Ղարագեօզեանը յայտարարեց միջոցառման նախատեսւած ծրագիրը եւ որը քիչ անց մատուցւեց ներկաներին իր հայաբոյր ու ազգային նրբերանգներով հարուստ կատարումներով, որի կոլորիտային նկարագիրը ամբողջանում էր հայկական ազգային մրգանուշներով, քաղցրաւենիքներով, ազգային խորհրդանիշեր ներկայացնող ձեռարւեստով եւ, վերջապէս, ազգային արւեստի ու մշակոյթի մասին պատմող գունազարդ գրքերով տաղաւարը, որը ազգային տարազով պարմանուհու ներկայութեամբ է՛լ աւելի էր խորհրդաւորւում: Պաստառին ցուցադրւեց Հայաստանի մասին պատմող տեսաֆիլմ, իսկ մինչ այդ՝ օրւայ առիթով ելոյթ ունեցաւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանը, որը շնորհաւորելով բոլորին՝ անդրադարձաւ օրւայ խորհրդի գաղափարին, նրա ձեռքբերումներին եւ ինչու ոչ՝ թերացումներին՝ նշելով. «Բազմաթիւ են անկախութեանը յաջորդած տարիների ձեռքբերումները, որոնցից գլխաւորը մեր Հայկական աշխարհի անբաժան մասը կազմող Արցախի վերընձիւղումն էր՝ անկախութեան ծնունդը հանդիսացող յաղթանակած Հայկական բանակի տարեգրութեան փառաւոր էջերից ամենագլխաւոր նւաճումը»: Խօսելով բացթողումների մասին՝ պրն. դեսպանը շարունակեց միտքը. «Անշուշտ, անցնող 20 տարիների ընթացքում եղել են նաեւ թերացումներ ու բացթողումներ, որոնք օգնել են մեզ՝ ճիշտ գնահատելու իրավիճակը եւ դասեր քաղելու մեր իսկ անխուսափելի վրիպումներից՝ հիմքեր տալով մեզ, որ ապագայում հնարաւոր կը լինի անխուսափելին դարձնել խուսափելի»: Միջոցառումը շարունակեցին դուէտ կատարողներ՝ Թեմա Յակոբեանը եւ Արա Կարապետեանը՝ ներկաներին հրամցնելով «Զինւորի երգ»-ը, ինչպէս նաեւ՝ «Զւարթնոց» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Էդիկ Թամրազեանի՝ «Կռունկ», «Հայկ Դիւցազն», «Ջան Երեւան» խմբերգերով եւ Էդիկ Թամրազեանի մեներգով: Ելոյթ ունեցան նաեւ՝ «Ակունք» պարախմբի սաները՝ ղեկավարութեամբ Կարինէ Մանուչերեանի եւ «Եղանակ» ջազի խումբը՝ գլխաւորութեամբ Վարուժ Ոսկանեանի: Իսկ արդէն «Այգեստան»-ում Արմէն Ասատրեանի երաժշտական կատարումներն էին: Ծրագրի աւարտը մօտենում էր եւ տօնին յատուկ պահ՝ Սրբազան Հայրը եւ ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանը կտրեցին տորթը, որի զարդարանքը երեսապատւած Եռագոյնի գունաւորումներով՝ խորհրդանշում էր 20-ամեակը: Վերջում Սրբազան Հայրը իր ելոյթում նշեց. «Այսօր մեզ համար իսկապէս հպարտութեան, ուրախութեան եւ վայելքի առիթ է՝ տողանցքը, որ տեսանք էկրանի վրայ եւ ելոյթը՝ պրն. դեսպանի խօսքերը, մեզ բոլորիս մի պահ փոխադրեցին Հայաստան աշխարհ: Ես իմ ուրախութիւնը, հպարտութիւնը եւ սրտիս զգացումները չեմ կարող բառերով արտայայտել. միայն մի բան կասեմ, պրն. դեսպան՝ տայ Աստւած, որ մենք մեր Հանրապետութեան անկախութեան 40-ամեակը տօնենք, 50-ամեակը տօնենք, 100-ամեակը տօնենք՝ աւելի ընդարձակւած, աւելի ընդհանրական սահմաններով: Աստւած անսասան պահի մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր եկեղեցին եւ ապրի Ազատ, Անկախ Հանրապետութիւնը»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը