Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Լիբանանում


Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված ընդունելություն Լիբանանում

  • 27-09-2011 13:12:38   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն
 Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 26-ին Բեյրութի «Մետրոպոլիտեն փալաս» հյուրանոցում տեղի է ունեցել ընդունելություն: Միջոցառման սկզբում Զաքար Քեշիշյանի ղեկավարած Համազգայինի երեխաների երգչախմբի կատարմամբ հնչել են Լիբանանի եւ Հայաստանի ազգային օրհներգները: Հյուրերի առջեւ ելույթով հանդես է եկել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ով անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը, անկախության տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու հաջողություններին, առկա մարտահրավերներին, հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք գործակցությանը, կարեւորել է հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների խորացման գործում: Դեսպան Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանի հայկական բոլոր կազմակերպություններին եւ կառույցներին ազգանվեր գործունեության, աջակցության եւ սերտ համագործակցության համար: Տոնական միջոցառմանը ներկա էին Լիբանանի գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, օտարերկյա դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ հայկական համայնքային կառույցների ղեկավարներ, հոգեւոր առաջնորդներ: Միջոցառումը ուղեկցվել է Արամ Խաչատրյանի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարումներով, Հայաստանի վերաբերյալ ֆիլմի ցուցադրությամբ: Սեպտեմբերի 26-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Լիբանանում ՀՀ դեսպանություն` դեսպանության անձնակազմին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձը շնորհավորելու նպատակով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, ողջունելով կաթողիկոս Արամ Ա-ին նշել է, որ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի իրականացված երազանքի օրն է, եւ որ անկախությունը հայ ժողովրդի հզոր ուժն է, հպարտությունն ու պատասխանատվությունը: Նա հավելել է, որ մենք ունենք ամրացած հայոց պետություն, հզոր Հայոց բանակ, օրեցօր խորացող Հայաստան-Սփյուռք գործակցությունը: Արամ Ա կաթողիկոսը ներկաներին շնորհավորել է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ եւ ընդգծել հայ ժողովրդի միասնականության եւ հավաքական ուժի կարեւորությունը բոլոր մարտահրավերների հաղթահարման գործում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն