«Ժաննան եւ ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ Պուսանի միջազգային կինոփառատոնում


«Ժաննան եւ ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ Պուսանի միջազգային կինոփառատոնում

  • 30-09-2011 14:18:29   | Հայաստան  |  Մշակույթ

Միքայել Վաթինյանի ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որին աջակցել է նաեւ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, ունենալու է համաշխարհային պրեմիերա Պուսանի միջազգային կինոփառատոնում: Ռեժիսոր Միքայել Վաթինյանի եւ պրոդյուսեր Արմինե Անդայի ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ լիամետրաժ գեղարվեստական կինոնախագիծը դեռ 2007 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակից էր: Այդտեղից էլ այն բոլոր ռեգիոնալ նախագծերից ընտրվեց մասնակցելու եւ ներկայացվելու Պուսանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության կինոպլատֆորմին: Այն առաջին հայկական կինոնախագիծն էր, որ ներկայացվեց Պուսանում, միանգամից ստանալով նաեւ մրցանակ` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, Պուսանի միջազգային կինոփառատոնի եւ ասիական կինոշուկայի կոցմից: Կինոնախագիծը հրավիրվեց ներկայացվելու շատ բարձրակարգ կինոփառատոներում: Ֆիլմն իրականացվեց «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, զարգացվելով նաեւ Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնության շրջանակներում, որտեղ դարձյալ առաջին հայկական կինոնախագիծն էր: Ֆիլմի հիմնակազմը սցենարի հեղինակ եւ ռեժիոր Միքայել Վաթինյանից ու համա-սցենարիստ, պրոդյուսեր, եւ գլխավոր դերակատար Արմինե Անդայից բացի ընդգրկում է բեմադրող օպերատոր Թամամ Համզային /Սիրիա/, բեմադրող նկարիչ Իվանա Կրչադինացին /Սերբիա/, կոմպոզիտոր Արթուր Մանուկյանին, որը նաեւ ռեժիսորի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի` ԲՈԺՈ-ի կոմպոզիտորն է: 2011 թվականի հոկտեմբերին, աշխարհից ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի շարքում ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ ֆիլմը կունենա համաշխարհային պրեմիերա Հարավային Կորեայում` աշխարհի ամենահեղինակավոր եւ ամենակարեւոր փառատոներից մեկի` Պուսանի միջազգային կինոփառատոնի Flash Forward /Մեջբերում ապագայից/ մրցույթում:
Նոյյան տապան  -   Մշակույթ