Հոկտեմբերի 1-3-ը կիրականացվի «Անի-1050` ճանապարհորդություն դեպի պատմական հայրենիք» ծրագիրը


Հոկտեմբերի 1-3-ը կիրականացվի «Անի-1050` ճանապարհորդություն դեպի պատմական հայրենիք» ծրագիրը

  • 30-09-2011 14:53:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը հոկտեմբերի 1-3-ը կիրականացնի «Անի-1050` ճանապարհորդություն դեպի պատմական հայրենիք» ծրագիրը։ Երեւանի պետական բժշկական համալսարանի բարձր հասարակական ակտիվություն եւ բարձր առաջադիմություն ունեցող մի խումբ ուսանողներ, դասախոսներ կուղեւորվեն պատմական Հայաստան։ Ծրագիրը նվիրված է Անիի 1050-ամյակին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, ինչպես նաեւ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի հիմնադրման 20-ամյակին: Ուղեւորության առաջին օրը մասնակիցները կայցելեն հայոց 10-րդ մայրաքաղաք Կարս, կշրջեն քաղաքում, կլինեն Եղիշե Չարենցի հայրական տանը, Առաքելոց եկեղեցում, Կարսի բերդում, թանգարանում, ռուսական գիմնազիայում: Այնուհետեւ ուղեւորությունը կշարունակվի դեպի Բայազետ, կբարձրանան Արարատ սարը (2500 մ)՝ այնտեղ բարձրացնելով ՀՀ պետական դրոշը: Երկրորդ օրը մասնակիցները կշրջեն Վանով եւ կուղեւորվեն դեպի Սարիղամիշ: Ուղեւորության 3-րդ օրը նախատեսված է այցելություն հայոց 11-րդ մայրաքաղաք Անի: Երիտասարդները կլինեն Մայր տաճարում, Գագկաշեն, Տիգրան Հոնենց, Փրկչի եկեղեցիներում, Կուսանաց վանքում, Մանուչեի մզկիթում եւ այլն: Ճանապարհորդության ընթացքում երիտասարդներին կտրվեն բոլոր նշված վայրերի մասին պատմող տեղեկատվական թերթիկներ։ Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության մամլո հաղորդագրության, «Անի-1050` ճանապարհորդություն դեպի պատմական հայրենիք» ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանակներում էլ ավելի բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգասիրությունն ու հայրենասիրությունը, վառ պահել պատմական ժառանգության նկատմամբ սրբազան կարոտը, որը մեզ են փոխանցել մեր պապերն ու հայրերը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն