Հանս-Յոխեն Շմիդթ. «Առանձնակի ուրախություն եմ ապրում Գերմանիայի միասնության տոնակատարությունները մեր հայ ընկերների հետ նշելու համար»


Հանս-Յոխեն Շմիդթ. «Առանձնակի ուրախություն եմ ապրում Գերմանիայի միասնության տոնակատարությունները մեր հայ ընկերների հետ նշելու համար»

  • 30-09-2011 17:50:13   | Հայաստան  |  Քաղաքական
Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը հանդես է եկել ուղերձով, որում ասված է. «Գերմանիայի միասնության օրն այս տարի նշանավորվում է Գերմանիայի նորագույն պատմության մեջ միմյանց շաղկապված երկու պատմական իրադարձություններով. մենք հիշատակում ենք ցնծությամբ նվաճած մեր վերամիավորումը, ինչպես նաեւ հիշում ենք տխրահռչակ Պատի կառուցումը 50 տարի առաջ` 1961թ. օգոստոսի 13-ին: Ազգային տոնը լավ առիթ է հետադարձ հայացք ձգելու սեփական երկրում տեղի ունեցած քաղաքական զարգացումներին: Պատի փլուզումը ես գնահատում եմ որպես հեռատեսության եւ քաղաքական փոփոխությունների հասնելու տեւական ջանքերի ապացույց: Այսպիսի փոփոխությունների հասնելու համար պետք է պատրաստ լինել փոխզիջումների, նաեւ`միջազգային գործընկերների եւ հարեւան երկրների առումով: 20 տարվա վերամիավորումից հաշված` Գերմանիան համեմատաբար երիտասարդ պետություն է, որին հաջողվել է ինչպես ներքին, այնպես էլ եվրոպական հարթության մեջ վերջին երկու տասնամյակներին ինտեգրացիոն մեծ աշխատանք կատարել, ինչով մենք կարող ենք հպարտանալ: Հայաստանի անկախության նույնպես նորերս տոնախմբած 20-ամյակի ֆոնին, հաշվի առնելով այս ժամանակային կապը, առանձնակի ուրախություն եմ ապրում` այս տարի Գերմանիայի միասնության տոնակատարությունները մեր հայ ընկերների հետ նշելու համար: Երկու ազգերի ճակատագրի նմանությունը Խորհրդային Միության փլուզման արդյունքում եւ Պատի անկումը ցույց են տալիս այն մեծ արժեքը, որ ունի ազատությունը ժողովրդի համար: 20 տարի առաջ գերմանացիները 28-ամյա բաժանումից հետո վերամիավորված գտան իրենց, իսկ հայերը կարողացան իրենց ազատ երկիրը հիմնել: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն այն ժամանակ առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանը` անկախության հռչակումից հետո, եւ մենք հաստատեցինք քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններ, որոնք հետագա տարիներին խորացան բոլոր ոլորտներում: Կցանկանայի մեր գործընկեր երկիր Հայաստանին առանձնահատուկ շնորհակալությունս հայտնել Աֆղանստանում գերմանական խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար: Գերմանիան մեծապես արժեւորում է մասնակցությունն ու աջակցությունը հակամարտությունների թուլացմանն ուղղված ջանքերին: Մեծ ուրախություն եմ ապրում մեր երկու երկրների միջեւ ընթացող սերտ եւ հաջող համագործակցության համար: Մենք երկկողմ հարաբերություններում Հայաստանի երկրորդ խոշոր դոնոր երկիրն ենք: Սա ուրախալի է, բայց նաեւ պարտավորեցնող` մեր ջանքերն առավել կենտրոնացնելու տնտեսական համագործակցության զարգացմանը` ի շահ Հայաստանում գերմանական հետագա ներդրումների: Մեր խորհրդատվական գործունեությամբ (Միջազգային համագործակցության ընկերություն GIZ), ինչպես նաեւ ֆինանսական համագործակցությամբ (Վերականգնման վարկերի բանկ KfW) մենք հետամուտ ենք հող ստեղծել Հայաստանում գերմանական ձեռնարկությունների հնարավոր ներդրումների համար: Հայաստանին մաղթում եմ հնարամիտ համառություն` Հարավային Կովկասի անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանային տնտեսական զարգացման վրա բացասաբար ազդող` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ, նաեւ`հայ-թուրքական հարաբերությունների դեռ չկայացած կարգավորման առումով, ինչը սահմանափակում է քաղաքականապես ցանկալի` մարդկանց ազատ տեղաշարժը, ինչպես նաեւ` առեւտրային երթեւեկությունը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play