Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի, Արցախի քաղաքացիները օգտվել են ազատ ընտրության` աշխարհի բոլոր ժողովրդների անօտարելի իրավունքից


Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի, Արցախի քաղաքացիները օգտվել են ազատ ընտրության` աշխարհի բոլոր ժողովրդների անօտարելի իրավունքից

  • 01-10-2011 13:32:52   |   |  Քաղաքական
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 1-ին հանդես է եկել ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի վերջին նախաձեռնությունների եւ Բաքվի արձագանքի կապակցությամբ հայտարարությամբ, որում ասված է. « 2011թ. սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հանդիսացել են ժողովրդավարական գործընթացի հերթական հաջող դրսեւորումը: Իշխանության մարմինները, որոնք ձեւավորվել են, բազմաթիվ միջազգային դիտորդների գնահատման համաձայն, ազատ քվեարկության միջոցով, կոչված են շարունակելու մեր հանրապետությունում ղարաբաղի ժողովրդի ինքնակազմակերպվածության բարձրացման, ինչպես նաեւ բաց եւ ժողովրդավարական հասարակության հիմքերի հետագա ամրապնդման մշտական գործընթացը: ԼՂՀ քաղաքացիները օգտվել են ազատ ընտրության` աշխարհի բոլոր ժողովրդների անօտարելի իրավունքից: Այս համատեքստում մենք դիտարկում ենք ԼՂՀ-ում ժողովրդավարական գործընթացների ցանկացած քննադատություն` չհիմնավորված եւ միջազգային հարաբերությունների զարգացման ժամանակակից միտումներին չհամապատասխանող: Բացի դրանից, ԼՂՀ ԱԳՆ-ն տեղին է համարում Ադրբեջանին հիշեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ժողովրդավարական զարգացման եւ քաղաքացիական հասարակության ամրապնդման իրավունքից զրկելու փորձերի դատապարտվածության մասին եւ միաժամանակ մտահոգություն է հայտնում հարեւան հանրապետությունում նույնատիպ գործընթացների բացակայությամբ: Նախարարությունը նաեւ դիմում է միջազգային հանրությանը կառուցողական եւ հետեւողական վերաբերմունք դերսեւորել ԼՂՀ-ում բոլոր գործընթացների նկատմամբ, որոնք նպաստում են Հյուսիսային Կովկասում բաց եւ ժողովրդավարական հասարակության ձեւավորմանը»:
Նոյյան տապան  -   Քաղաքական