Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի նախաձեռնած Gaudeamus (Գաուդեամուս) ուսանողական կինոփառատոնը


Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի նախաձեռնած Gaudeamus (Գաուդեամուս) ուսանողական կինոփառատոնը

  • 03-10-2011 18:50:14   | Հայաստան  |  Մշակույթ
Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի նախաձեռնած Gaudeamus (Գաուդեամուս) ուսանողական կինոփառատոնը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ոսկե ծիրանի» համատեղ նոր նախագծի շրջանակներում` բուհերում կկազմակերպվեն փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի նպատակն է միջազգային կինոարվեստի ամենանշանավոր նմուշները հնարավորինս հասանելի դարձնել հայ հանդիսատեսին եւ, մասնավորապես, երիտասասարդությանը: Ծրագրի ստեղծման հիմք է հանդիսացել այն փաստը, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամեն տարի անց է կացվում հուլիս ամսին՝ համընկնելով ուսանողների ամառային արձակուրդների հետ: Արդյունքում` նրանք զրկվում են «Ոսկե ծիրան» փառատոնում ներկայացված ֆիլմերին ծանոթանալու հնարավորությունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ոսկե ծիրան»-ը բարձր են գնահատում անհատի, եւ ընդհանուր առմամբ` ազգի ձեւավորման գործում գեղագիտական եւ մշակութային կրթության կարեւորությունը: Gaudeamus ուսանողական կինոփառատոնը կնպաստի բուհերում գործնական գիտելիքների եւ գեղագիտական կրթության համադրմանը: Հարցն այսօր առավել քան արդիական է այն պարզ պատճառով, որ, ակադեմիական կրթական համակարգի հիմնական թիրախը դարձել է գործնական գիտելիք եւ մասնագիտական հմտություններ ստանալը, իսկ հաղորդակցումը մշակութային արժեքներին, ցավոք, աստիճանաբար սկսել է ստորադասվել պրակտիկ գիտելիքներ ստանալու ցանկությանը: «Gaudeamus կինոփառատոնը բազմաթիվ երիտասարդների հնարավորություն կտա հաղորդակցվել արվեստի ազնվագույն ճյուղերից մեկին` կինեմատոգրաֆին: Ուսանողների համար պետք է մատչելի դարձնել բարձրարժեք ինտելեկտուալ ֆիլմերի դիտումը, քանի որ, մեր համոզմամբ` ոչ մի նորարարություն կամ տեխնոլոգիա չի կարող փոխարինել երիտասարդների գեղագիտական կրթությունը. այդպիսին պետք է լինի լայն մտահորիզոն, պատասխանատվություն, հստակ քաղաքացիական գիտակցություն ունեցող, գեղեցիկին եւ հավերժին ձգտող անհատ լինելու ամենակարեւոր նախապայմանը: Հետեւաբար` բարձրագույն կրթության եւ մշակույթի համադրումն առաջնահերթություն է»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Ոսկե ծիրան»-ը տարի շարունակ համագործակցում է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ: Արդեն լավ ավանդույթ է դարձել, որ համալսարանի ուսանողներից ոմանք իրենց ուսումնական պրակտիկան կազմակերպեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացիկ աշխատանքների ժամանակ: Բացի այդ` օտար լեզուների իմացությամբ շատ ուսանողներ կամավորության սկզբունքով աջակցում են բուն փառատոնի աշխատանքներին: Ֆիլմերի ցուցադրությունները բուհերում նախատեսվում է շաբաթական մեկ անգամ` սկսած 2011թ-ի հոկտեմբերի 3-ից մինչեւ ուսումնական տարվա վերջը: Նախագծում ներգրավված է 4 բուհ: Հանրահայտ ռեժիսորների աշխատանքներն ուսանողներին են ներկայացվելու շարժական կինոտեխնիկայի միջոցով: Քանի որ համալսարանում շեշտը դրված է օտար լեզուների խորացված ուսուցման վրա, կազմակերպիչները նախատեսում են նաեւ չթարգմանված ֆիլմերի ցուցադրություններ, վստահ լինելով, որ այն առավել կխթանի տարբեր օտար լեզուների իմացության խորացմանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ