Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարությանը հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար


Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարությանը հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար

  • 03-10-2011 18:56:59   | Հայաստան  |  Իրավունք
Հոկտեմբերի 3-ին հրապարակվել է կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ ամփոփումը, որում ասված է. «Սույն թվականի մարտի 14-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Երեւանի տարածքում գտնվող 75 կրպակների սեփականատերերից ստացել է 56 անհատական եւ 1 կոլետիվ բողոք: Անհատական դիմումների ուսումնասիրության արդյունքում պատկերը հետեւյալն է. - 7 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող հստակ եւ դեռեւս չսպառված ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն ապօրինի է: - 15 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող անորոշ ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումը կարող է լինել օրինական միայն երեք ամիս առաջ սահմանված կարգով կրպակների սեփականատերերին ծանուցելու դեպքում: - 25 կրպակատերեր չունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող իրավաչափ փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն օրինական է: - 9 դիմումներ դեռեւս ուսումնասիրության փուլում են: Նշված ուսումնասիրությունների եւ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում կասեցվել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը: Այս համատեքստում դրական են գնահատվում Պաշտպանի աշխատակազմի եւ Երեւանի քաղաքապետարանի գործակցության ներկայիս արդյունքները, ինչպես նաեւ վերջինիս պատրաստակամությունը՝ ապամոնտաժման գործընթացում ուսումնասիրել յուրաքանչյուր կրպակի իրավական հիմքերը եւ պահպանել օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը: Այդուհանդերձ, մտահոգվելով առանց օրինական հիմքերի գործող կրպակների սեփականատերերի սոցիալական վիճակով, Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարությանը հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար: Միեւնույն ժամանակ Պաշտպանը կոչ է անում բոլոր հասարակական եւ բարեսիրական կազմակերպություններին, ինչպես նաեւ խնդրով հետաքրքրված այլ անձանց ու կառույցներին աջակցել օրենքով ապամոնտաժման ենթակա կրպակատերերի սոցիալական խնդիրների լուծմանը: Հայտնենք նաեւ, որ ՀՀ սահմանադրական դատարանում կրպակների ապամոնտաժման գործընթացի օրինականությունը վիճարկելու խնդրանքով Պաշտպանին կոլեկտիվ դիմում էին ներկայացրել 19 կրպակատերեր: Դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան, քանի որ ՀՀ Սահմանադրության 100 եւ 101 հոդվածների համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը, իսկ կրպակների ապամոնտաժումը գործընթաց է, որի իրավական հիմքում եղած ՀՀ քաղաքաքացիական օրենսգրքի հողի վարձակալությանն առնչվող դրույթներն ինքնին հակասահմանադրական չեն»:
Նոյյան տապան  -   Իրավունք