Այսօրվա հեռուստատեսությունը կոռուպցիայի պաշտպանության հիմնական ճակատն ու ֆորպոստն են. Լեւոն Տեր-Պետրոսյան


Այսօրվա հեռուստատեսությունը կոռուպցիայի պաշտպանության հիմնական ճակատն ու ֆորպոստն են. Լեւոն Տեր-Պետրոսյան

  • 03-10-2011 22:33:56   | Հայաստան  |  Քաղաքական
Հարց. Մարտի 1-ի եւ 1996 թվականի համեմատություն: Լեւոն Տեր-Պետրոսյան. “Այն, ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին, աննախադեպ է հայոց պատմության անկախության այս քսան տարիներին»։ 1996 թվականի սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանն այս հրապարակում հանրահավաք է արել, այն տարել դեպի Բաղրամյան փողոց, ԱԺ շենք, ու հայտարարել, որ “եթե մտնեմ ԿԸՀ, որն այդ շենքում էր, ու քսան րոպե հետո դուրս չգամ, բոլորդ եկեք իմ հետեւից” եւ քսան րոպե անց ժողովուրդը, մոտ հինգ հազար մարդ, սկսեց բարձրանալ ԱԺ ճաղերը: Այդ ժամանակ ես ու իրավապահները նախագահական սենյակում էին եւ այդ օրվա անվտանգության միջոցառումների պատասխանատվությունը դրված էր ազգային անվտանգության նախարար Սերժիկ Սարգսյանի վրա: Անգամ իմ անձնական անվտանգության ծառայությունը դրված էր նրա հրամանի տակ: Ոչ Վանո Սիրադեղյանը, ոչ Վազգեն Սարգսյանը, ոչ Ռոման Ղազարյանը, այդ հարցում որեւէ իրավասություն չունեին եւ ենթարկվում էին Սերժիկ Սարգսյանին: Այդ պահին, երբ նրանք բարձրացան ճաղերը եւ ներխուժեցին ԱԺ շենք, Սերժ Սարգսյանը իմ գրասենյակում մոտեցավ ինձ եւ ասաց՝ շեֆ, պետք ա կրակել: Ասի “ոչ մի դեպքում, սպասեք”: Բայց երբ հայտնի դարձավ, որ ներխուժողները առեւանգել եւ լինչի դատաստանի են ենթարկել ԱԺ նախագահին եւ փոխնախագահին, Սերժ Սարգսյանը նորից կրկնեց, որ պետք է կրակել: Ես մի պահ մտածեցի եւ ասեցի՝ “միայն օդ”: Կրակեցին օդ եւ տասը րոպե անց ժողովուրդը ցրվեց: Այդ օրը ոչ մի հրազենային վիրավոր չի եղել։ Ովքեր համեմատում են դա մարտի 1-ի հետ, նրանք այս իշխանության փաստաբաններն են: Հարց. Ինչ է մտածում Լեւոն Տեր-ՊետրոսյանըՀայ Առաքելական եկեղեցու վերջին շրջանի գործունեության մասին եւ արդյոք համարում է, որ եկեղեցին ունի ռեֆորմի կարիք: Լ.Տեր-Պետրոսյան. Եկեղեցին պետք է անջատ լինի պետությունից, եւ արեւմտյան զարգացման գաղտնիքն այն է, որ պետությունը տարանջատեցին եկեղեցուց: Ինձ համար սկզբունքայինը սա է: Այսօր էլ ամենաիդելականը պետք է լինի այն, որ եկեղեցին բացարձակապես անջատ պետք է լինի պետությունից: Դժբախտաբար այսօր մի քիչ իրավիճակն այլ է: Ես եկեղեցուն կապված մարդ եմ եղել, վեց տարի դասավանդել եմ ճեմարանում, նաեւ այսօրվա Կաթողիկոսի գործընկերն եմ եղել, աշխատել եմ “Էջմիածին” հանդեսի խմբագրությունում: Ինձ համար սա հարազատ թեմա է: Բայց եթե եկեղեցին ռեֆորմների կարիք ունի, ապա դա ոչ մեկի գործը չէ, դա միայն եկեղեցու գործն է՝ ունի ռեֆորմ անելու կարիք, թե չունի»։ Որեւէ այլ մարդ կամ կառույց չպետք է խառնվի եկեղեցու այդ հարցին: Հարց, Եթե երկխոսությունը չի ստացվել, որն է այն շարունակելու իր նպատակը: Լ.Տեր-Պետրոսյան. Մենք ի սկզբանե գիտեինք, որ եթե Կոնգրեսը ուժ կամ քաղաքական գործոն չլիներ, իշխանությունը իրենց հետ հաշվի չէր նստի: Այդպես է ցանկացած բանակցության մեջ եւ եթե դու քեզանից բան չներկայացնես, քեզ հետ ոչ ոք հաշվի չի նստի: Եթե մեր թիկունքում մարդ չկա, ժողովուրդ չկա, ժողովրդի ճնշումը չկա, ոչ միայն Սերժ Սարգսյանը, ոչ ոք մեզ հետ, ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ նաեւ ասենք Րաֆֆի Հովհաննիսյանը, էլ չգիտեմ ով կա այնտեղ, Վարդան Օսկանյանը, ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի: Մենք մեզանից գործոն ենք ներկայացնում միայն ժողովրդով: Առանց ձեզ մենք ոչինչ ենք: Հարց. Առաջին նախագահի իշխանության օրոք երկրում եղել են քաղբանտարկյալներ` հանձին ՀՅԴ-ի: Լեւոն Տեր-Պետրոսյան. "Այն հարցն է, որին տասնյակ անգամ պատասխանել եմ, 100 տարի, 1000 տարի էլ անցնի, այս հարցը տալու են։ Դաշնակցական գործիչներ ասելով՝ նկատի ունեք «Դրոյի գործը»` 1994-ի դեկտեմբերին բացահայտված, եւ «31»-ի գործը` 1995 թվականի հուլիսին բացահայտված: Բացահայտվել էր նարկոտիկների գործ. ստացվել էր համապատասխան ինֆորմացիա, որ Բեյրութից Երեւան նարկոտիկներ են տեղափոխում, եւ ՌԴ անվտանգության ուժերի հետ կարողացանք բացահայտել գործը, երբ եղան խուզարկություններ, պարզվեց, որ գործ ունենք տեռորիստական խմբի հետ. ոչ իմացել ենք` ովքեր են, ինչ են, հետո միայն պարզվեց, որ դաշնակցականներ են: 8 հոգի դատվեց թմրանյութի, անօրինական զենքի համար, մի 3-4 մարդ`մարդասպանության համար: Եթե «Դրոյի գործով» դատվածները քաղբանտարկյալներ են, ինչո՞ւ են մինչեւ հիմա մեկուսարաններում: Մեր իշխանության օրոք նրանք նստել են 3 տարի, իսկ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ դաշնակցական իշխանության տարիներին 14 տարի, եթե նրանք քաղբանտարկյալ են եղել, ուրեմն այսօր էլ են քաղբանտարկյալ, եթե անարդար էին դատել, ինչո՞ւ չազատեցին բանտերից: Ու մի փաստ էլ. «31-ի» գործը բացահայտել եւ նախաքննությունը մինչեւ վերջ տարել է անվտանգության եւ ՆԳ նախարար Սերժիկ Սարգսյանը"։ Հարց. Ինչպիսին են Կոնգրեսի պատկերացումները Ջավախքի հարցի մասին: Լեւոն Տեր-Պետրոսյան. "Ջավախքում կան խնդիրներ, սոցիալական,կրթական, որոնց կապակցությամբ քաղաքացիական նորմալ պահանջներ են բարձրացվում, ոչ քաղաքական, որոնք պետք է լուծվեն: Եսվստահ եմ, որ Վրաստանը մեզանից ավելի առաջադեմ ճանապարհի վրա գտնվող պետություն է որ այդ հարցերը կլուծվեն: Ավելի ծանր էր 90-աններին, երբ Վրաստանում քաոս էր: Բայց այդ ժամանակ վիճակի ծանրությունը ամենեւին ազգային խտրականության հետեւանք չէր, այլ պարզապես ամբողջ Վրաստանն էր շատ ծանր վիճակում: Ի պատիվ եւ Հայաստանի, եւ Վրաստանի բոլոր իշխանությունների, այս հարցում բոլոր նախագահներն էլ ըստ էության շատ ճիշտ են գործել, թույլ չեն տվել, որ այս սոցիալական, քաղաքացիական դժգոհությունները վերածվեն քաղաքական խնդրի: Ես հավատում եմ, որ սրանք եղբայր ժողովուրդներ են։ Երեք հազար տարի ապրել են իրար կողքի եւ ոչ մի պատերազմ չի եղել, բացառությամբ 1920 թվականի, երբ երկու երկրում էլ ձեւավորվել են ծայրահեղ ազգայնական ռեժիմներ ու առաջացրել այդ պատերազմը: Հույս ունեմ, որ երբեք վրաց զինվորի ոտքը չի կոխի Հայաստանի հողը, իսկ հայ զինվորի ոտքն էլ չի կոխի Վրաստանի հողը": Հարց. Ինչու Տեր-Պետրոսյանը չի խոսում իր պաշտոնավարման ընթացքում թույլ տված սխալների մասին: Մասնավորապես ատոմակայանի փակման եւ կադրային քաղաքականության մասին: Լեւոն Տեր-Պետրոսյան. "Ատոմակայանի փակման մասին մեղադրանքը դարի սուտն է, քանի որ 1989 թվականի հունվարին, երբ փակվել է ատոմակայանը, մենք՝ Ղարաբաղ կոմիտեի անդամներս, Մոսկվայում բանտում էինք: Ատոմականաը փակվել է ԽՍՀՄ ամենաբարձր ատյանների որոշմամբ, անձամբ Հայաստան է եկել Մինիստրների խորհրդի նախագահ Ռիժկովը, այն ժամանակ Կենտկոմի առաջին քարտուղարը Սուրեն Հարությունյանն էր, մինիստրների խորհրդի նախագահը Ֆադեյ Սարգսյանն էր, ահա այս երեքով որոշել են փակել ատոմակայանը: Եթե այսօր Հայաստանը կա, ապա դա 90-անների սկզբի բարեփոխումների արդյունքն է": Հարց. Ինչպես է Տեր-Պետրոսյանը պայքարելու մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ: Լեւոն Տեր-Պետրոսյան. "Վերացրեք այդ 76 ձեռնարկատեր պատգամավորներին, հեռացրեք խորհրդարանից, եւ արդեն մեծ գործ կլինի կոռուպցիայի հաղթահարման գործում։ Այս սիտեմատիկ կոռուպցիայի արմատավորման դեպքում չեմ նախանձում հաջորդ իշխանությանը, քանի որ այնպիսի մի արատավոր համակարգ է, որ կոռուպցիայի դեմ պայքարը ժամանակ է պահանջելու: Բայց ճիշտ կադրային քաղաքականությունը հիսուն տոկոսով կնվազեցնի այդ երեւույթը: Կոռուպցիայի հաղթահարման համար կարեւոր է նաեւ երկրում ազատ ընդդիմության եւ ազատ մամուլի, ազատ հեռուստատեսության առկայությունը: Տվեք մեզ հեռուստատեսություն, եւ երկու օրում այս հանցագործների 90 տոկոսը բանտում կհայտնվի։ Այսօրվա հեռուստատեսությունը կոռուպցիայի պաշտպանության հիմնական ճակատն ու ֆորպոստն են: Կոռուպցիայի հաղթահարման համար պարտադիր է անկախ խորհրդարանի գոյությունը, որը պետք է լինի գործադիր կառույցի մրցակիցը, նրան «հսկող շունը»: Կարեւոր է նաեւ անկախ դատական համակարգի առկայությունը"։ Հարց. Որն է Տեր-Պետրոսյանի կյանքում թույլ տված ամենամեծ սխալը: Լեւոն Տեր-Պետրոսյան. "Տո անիծվի այն օրը, երբ ես քաղաքականություն մտա։ Ինձ բավականություն է պատճառում գիտությամբ զբաղվելը, երաժշտություն լսելը. Սակայն գալիս է մի պահ, երբ անձնապաստան չպետք է լինես եւ պետք է զբաղվես հանրության շահերով"։
Նոյյան տապան  -   Քաղաքական