Հրանուշ Հակոբյան. «Հայ ինքնության բանալին մայրենին է»


Հրանուշ Հակոբյան. «Հայ ինքնության բանալին մայրենին է»

  • 11-10-2011 15:48:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 Հոկտեմբերի 11-ին Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում կայացավ ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների, Հայաստանի գրողների միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) կազմակերպած օտարագիր հայ գրողների չորրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, գրողներ Հայաստանից եւ արտերկրից, ուսանողներ եւ այլք: Լ.Անանյանի բացման խոսքից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համաժողովի մասնակիցներին: Այնուհետեւ Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության եւ հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի եւ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Վարդենի Բեղանյանին (Ֆրանսիա), Արամ Արքունին (ԱՄՆ), Մադլեն Գարագաշյանին (Ռումինիա) Հ.Հակոբյանը պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, իսկ Նաթելլա Լալաբեկյանին (ԱՄՆ), Խաչիկ Խաչերին (Իրան), Լեւոն Օսիպյանին (Ռուսաստանի Դաշնություն)` ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: «Ուզում եմ ուղղակի ընդգծել, որ Սփյուռքի գրականությունը դա ցավի գրականություն է, Սփյուռքի գրականությունը դա պայքարի ու պոռթկումի գրականություն է եւ Սփյուռքի գրականությունը դա նաեւ լացի եւ ուրախության գրականություն է: Օտարագիր մեր գրողների գիրը` եւ ուրախություն եւ տխրություն է: Տխրություն է, որովհետեւ հայ ինքնության բանալին մայրենին է: Օտար ափերում ապրելով եւ ստեղծագործելով` ձեր հոգին, ձեր գենը, ձեր արյունը, ձեր արմատը, ձեր ստեղծագործությունները, ձեր ինքնությունը հավատարիմ են հայությանը, Հայաստանին եւ հայկականությանը: Կեցցեք, շնորհակալ եմ ձեզ, որ դուք կարողանում եք, իրոք, հայ ինքնությունն ու հայ ոգին ներկայացնել համաշխարհային գրականության մեջ: Ցանկանում եմ որ ձեր ստեղծագործություններն այնպիսին դառնան, որ համաշխարհային գրականության անդաստանում իրենց արժանի տեղը գրավեն եւ մենք հպարտանանք ձեզանով: Հաջողություն եմ մաղթում», - իր խոսքում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը: Հոկտեմբերի 11-15-ը Երեւանում եւ Ծաղկաձորում անցկացվող «Հայկական ճակատագիրը օտարագիր հայ գրողների ստեղծագործության մեջ» խորագրով օտարագիր հայ գրողների չորրորդ համաժողովին մասնակցում են ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Իրանից, Թուրքիայից, Սիրիայից, Իսրայելից, Ռումինիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Արցախից ժամանած շուրջ երեքուկես տասնյակ գրողներ: Հ.Պողոսյանը համաժողովի մասնակից մի շարք օտարագիր հայ գրողների պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն