1920 թ-ի օգոստոսի 10-ին ստորագրվել է Սևրի հաշտության պայմանագիրը

  • -- ::   | Франция  |  


Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18թթ առաջին համաշխարհայ
ին պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։
 
Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը և կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի Լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։
 
Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։ Սևրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն
էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915թ. օրենքը։ Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր և օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առևանգված, ներկալված և ազատազրկված ամեն ռասայի և ամեն կրոնի մարդկանց որոնելու և ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաև այդ մարդկանց, ինչպես նաև նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914թ. օգոստոսի 1-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։
 
Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920թ. սեպտեմբերին, իսկ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար կմ2։ Միավորելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար կմ2 տարածություն՝ դեպի Սև ծով ելքով։
 
Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1923թ. Լոզանի պայմանագրում (Լոզանի կոնֆերանս, 1922-23թթ.)։ Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավուքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր։ Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի։ Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասի։
 
ՍԵՎՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ 
Թարգմանությունը ռուսերենից 
 
Մասն 3-րդ 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
 
Բաժին 6-րդ 
ՀԱՅԱՍՏԱՆ 
 
Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն:
 
Հոդված 89. Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ: 
 
Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տերիտորիան կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տերիտորիայի նկատմամբ բոլոր իրավունքներից եւ իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տերիտորիաների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաեւ այդ տերիտորիայի նկատմամբ:
Հայաստանի սուվերենությանը հանձնվող տերիտորիայի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը, եւ դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն Պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն:
Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հացերը, որոնք չեն կարգավորվել սույն Պայմանագրով եւ որոնք կարող են ծնունդ առնել հիշյալ տերիտորիայի փոխանցման կապակցությամբ:
 
Հոդված 91. Եթե 89-րդ հոդվածում նշված տերիտորիայի մի մասը հանձնվի Հայաստանին, ապա Սահմանագծման հանձնաժողով, որի կազմը կորոշվի հետագայում, կստեղծվի երեք ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ արդեն ընդունված կլինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղում սահմանագիծ անցկացնելու վերաբերյալ հիշյալ հոդվածում նախատեսվող որոշումը:
 
Հոդված 92. Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմաններն ըստ պատկանելույն կորոշվեն շահագրգռված պետությունների ընդհանուր համաձայնությամբ:
Երբ 89-րդ հոդվածում նախատեսված որոշումն արդեն ընդունված կլինի եւ եթե դրանից հետո այս կամ այն շահագրգռված պետությունները չեն կարողանա ընդհանուր համաձայնությամբ որոշել իրենց սահմանագիծը:
 
Հոդված 93. Հայաստանն ընդունում է, համաձայնվելով դրանք մտցնել Գլխավոր տերությունների հետ պայմանագրի մեջ, այն որոշումները, որոնք Տերություններն անհրաժեշտ կհամարեն Հայաստանում այն բնակիչների շահերը պաշտպանելու համար, որոնք ռասայի, լեզվի եւ կրոնի առումով տարբերվում են ազգաբնակչության մեծամասնությունից: 
Հայաստանը նմանապես համաձայնվում է Գլխավոր տերությունների հետ Պայմանագրի մեջ մտցնել այն որոշումները, որոնք այդ տերություններն անհրաժեշտ կհամարեն տրանզիտի ազատությունը եւ այլ ազգերի առեւտրի համար արդարացի պայմանակարգը պաշտպանելու համար: 
 
10 օգոստոս,1920թ. 
Սեւր 
 
Պայմանագրի տակ ստորագրել են`
Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Բելգիան, Հունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հայաստանը, Չեխոսլովակիան, Սերբերի, Խորվաթների եւ Սլովենների թագավորությունը, Հեջազը: 
 
-------------------------------
 
Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, ՙՀայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերումª 1828-1923թթ.՚, ՙՀայաստան՚ հրտ., Երեւան, 1972, էջ 672:
 
  -