1837թ. հունիսի 3 - Աշտարակում ծնվել է արձակագիր, մանկավարժ Պերճ Պռոշյանը


03-06-1837   | Հայաստան  |  

1837թ - Աշտարակում ծնվել է արձակագիր, մանկավարժ Պերճ Պռոշյանը (Հովհաննես Տեր-Առաքելյան): (Վախճ. 1907 թ.):

 

Պերճ Պռոշյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հովհաննես Տեր-Առաքելյան) սովորել է Աշտարակի ծխական և Երևանի արքունական դպրոցներում, 1856 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա 1 տարի ուսանել Թիֆլիսի արքունական գիմնազիայում: 1857 թ-ին վերադարձել է ծննդավայր, նշանակվել ծխական դպրոցի տեսուչ, վարել գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը: 1859 թ-ից աշխատել է Ներսիսյան դպրոցում որպես ուսուցիչ: 
Պռոշյանը Թիֆլիսում մասնակցել է նաև հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը (1863 թ-ին գրել և բեմադրել է «Աղասի» ողբերգությունը, խաղացել Աղասու դերը), Երևանում, Թիֆլիսում, Ագուլիսում, Շուշիում, Աշտարակում և այլ վայրերում`  օրիորդաց և երկսեռ դպրոցների հիմնադրմանը, 1876–81 թթ-ին աշխատակցել է «Փորձ» ամսագրին, որտեղ էլ հատվածաբար տպագրվել են նրա վեպերից մի քանիսը: Մինչև 1879 թ. դասավանդել է Շուշիի, Ագուլիսի, Աստրախանի հայկական դպրոցներում: 1879–81 թթ-ին եղել է Երևանի և Կարսի թեմերի հոգևոր դպրոցների տեսուչ: Այդ շրջանում աշխարհաբարի է վերածել Մատթեոսի Ավետարանը, որի համար Գևորգ Դ կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում:
Պատանի Պռոշյանի վրա մեծ տպավորություն է թողել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որն էլ կանխորոշել է ապագա գրողի ստեղծագործական ուղին: Նա ճանաչվել է իր առաջին՝ «Սոս և Վարդիթեր» (1860 թ.) վեպով, որտեղ ներկայացրել է հայրենի գյուղի նահապետական կենցաղը, ազգային սովորույթներն ու նիստուկացը, դրանց բախումը փողի ուժի ազդեցությամբ խեղաթյուրված բարքերին: Միքայել Նալբանդյանն իր «Կրիտիկա «Սոս և Վարդիթերի»» (1863–64 թթ.) աշխատության մեջ. Պռոշյանին համարել է «արդյան ազգային վիպասանության» հիմնադիրներից:
Վիպասանի երկրորդ՝ «Կռվածաղիկ» (1876 թ.) վեպում նահապետական գյուղն այլևս ներփակ համայնք չէ, այլ ներքին ու արտաքին հակասություններից տրոհված ցավալի իրողություն: 
Պռոշյանի ստեղծագործության բարձրակետը «Հացի խնդիր» (1879 թ.) վեպն է, որտեղ գրողը ներկայացնում է 2 անհաշտ ուժերի հակամարտությունը. բախվում են կեցության 2 ձևեր՝ բարոյական 2 նկարագրով: Նրանցից մեկի ներկայացուցիչ Խեչանենց Խեչանը ձգտում է պահպանել նահապետական համայնքի գոյության դարավոր իրավունքը, մյուսը՝ Միկիտան Սաքոն, կապիտալի նախնական կուտակման մոլուցքով տարված, անողոք վայրենությամբ քանդում է նրա հիմքերը: Միկիտան Սաքոն ու նրա նմաններն ապրում են «Ինչ կանես արա, խաբի, քանդի, պլոկի, գռփի, սպանի, թաք մի կտոր հաց ունենաս» սկզբունքով, որովհետև «հացի խնդիր ա»: Պռոշյանը խորությամբ ու անողոքությամբ է բացահայտել վերջիններիս գործելակերպի քստմնելիությունն ու վայրենացող բարոյազրկությունը:
«Ցեցեր» (1889 թ.), «Բղդե» (1890 թ.), «Հունոն» (1901 թ.) վեպերում, «Գյուղական խանութպան», «Հինգերորդ գինագիժը», «Բուլի-Բուլի», «Վարդի յուղը մահադեղ» և այլ պատմվածքներում Պռոշյանը շարունակել է գյուղի թեման: 
Ազգային-հայրենասիրական թեմայով գրած «Շահեն» (1883 թ.), «Սկիզբն երկանց» (1892 թ.) վեպերում հեղինակը ներկայացրել է XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի հայ իրականության ողբեգական պատկերը պարսկական ու թուրքական տիրապետության պայմաններում, փորձել է ընդհանրացնել XIX դարի ազգային-ազատագրական շարժման գլխավոր նպատակը և առաջադրել է որոշակի ծրագիր` հայ ժողովրդի փրկության ելքը համարելով ինքնակրթությունն ու զինված ինքնապաշտպանությունը:
Գրական-պատմական ուշագրավ էջերից են Պռոշյանի հուշագրությունները և հայ թատրոնին, դպրոցին ու մանկավարժությանը վերաբերող հոդվածները: 
Պռոշյանը թարգմանել է Լև Տոլստոյի, Նիկոլայ Գոգոլի, Ալեքսանդր Օստրովսկու, Չառլզ Դիկկենսի և այլ գրողների գործերից:
Պռոշյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարահանվել է «Հեծյալը, որին սպասում էին» (1985 թ., Հայֆիլմ) գեղարվեստական կինոնկարը:
Պռոշյանի անունով Երևանում և ՀՀ, ԼՂՀ այլ վայրերում կոչվել են դպրոցներ ու փողոցներ, գյուղ՝ ՀՀ Կոտայքի մարզում: 1948 թ-ից Աշտարակում գործում է Պռոշյանի տուն-թանգարանը:

 



Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան