Ծնվել է Գեորգ Բրուտյանը` հայ փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչներից մեկը

  • -- ::   |   |  


1926թ. մարտի 24-ին ծնվել է

ճանաչված փիլիսոփա, ակադեմիկոս Գեորգ Աբելի Բրուտյանը: Նա հայ փիլիսոփայական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից է, աշխարհի ճանաչված մասնագետներից մեկը:

Գեւորգ Բրուտյանը ծնվել է 1926թ. մարտի 24-ին Սեւքար գյուղում (Տավուշի մարզ):

Ավարտել է ԵրՊԻ (1947) եւ ԵՊՀ միջազգային
հարաբերությունների ֆակուլտետը (1950):

ԵՊՀ դոցենտ (1951–1962), փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1963): Երեւանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտի փիլիսոփայության (1962–1970) եւ ԵՊՀ փիլիսոփայության եւ տրամաբանության (1970–1986) ամբիոնների վարիչ: Ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից (1971) եւ իսկական անդամ (1982), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (1977-2004), փոխպրեզիդենտ (1994–2002), փիլիսոփայության եւ բանասիրության (1977–1994), ապա` հումանիտար գիտությունների (1994–1995, 1998–2002) բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 2002-ից` ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական է: 1977-ից եղել է ԽՍՀՄ փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի նախագահը, 1982-ից` այդ բաժանմունքի ,Տարեգրքիե գլխավոր խմբագիրը: 1987-ից Փաստարկման հետազոտության եվրոպական կենտրոնի, 1988-ից` ,Հաղորդակցում եւ իմացությունե միջազգային ընկերության պատվավոր անդամ է, միջազգային մի շարք հանդեսների խմբագրությունների անդամ: Բանասիրության համաշխարհային (Անգլիա, 1990), ,Արարատե միջազգային (Փարիզ, 1992), Լոնդոնի դիվանագիտական (2000), Միջազգային դիվանագիտական (2000) ակադեմիաների անդամ է: 1987-ից Հայոց փիլիսոփայության ակադեմիայի պրեզիդենտն է, 2001-ից` Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պրեզիդենտը: 2006-2008-ին եղել է Փիլիսոփայության, տրամաբանության, փաստարկման հաղորդակցման միջազգային ինստիտուտի գիտական ղեկավարը:

Գիտական աշխատանքները վերաբերում են փիլիսոփայության եւ տրամաբանության հիմնախնդիրներին: Հիմնադրել է երեւանյան փաստարկման դպրոցը, ստեղծել փոխակերպման տրամաբանության գիտությունը, առաջադրել լեզվաբանական լրացուցչության սկզբունքը, որը կոչվում է իր անունով, մշակել թարգմանության, մետահայագիտության, տեսությունները:

Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատանքների, տրամաբանության բուհական եւ դպրոցական դասագրքերի: Նրա գրքերը թարգմանվել են 20 լեզուներով:

Պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով եւ աշխարհի մի շարք համալսարանների ոսկե մեդալներով:

  -