Անրի Ռենոյ. 2011 թուականը առանձնայատուկ էր հայ-ֆրանսիական յարաբերութիւնների տեսանկիւնից


Անրի Ռենոյ. 2011 թուականը առանձնայատուկ էր հայ-ֆրանսիական յարաբերութիւնների տեսանկիւնից

  • 17-10-2011 14:53:29   | Հայաստան  |  Քաղաքական
2011 թուականը առանձնայատուկ էր հայ-ֆրանսիական յարաբերութիւնների տեսանկիւնից: Այս մասին Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հոկտեմբերի 17-ի հանդիպմանը յայտարարեց Հայաստանում Ֆրանսիաի արտակարգ եւ լիազօր դեսպան Անրի Ռենոն: նայ պարզաբանեց, որ Հայաստանի անկախութեան 20-ամեայ տարեդարձը հիանալի առիթ էր ներկայացնել Հայաստանի իրականացրած քայլերը, ձեռնարկումները եւ գործունէութիւնը, ինչը, դեսպանի գնահատմամբ, պատասխանատուութեան, հպարտութեան ու խիզախութեան զգացումներ է առաջացնում: Մասնաւորապէս, Հայաստանը կարող է հպարտ լինել, որ անցում է կատարել քաղաքական նոր համակարգի, տնտեսութեան մէջ` շուկայական յարաբերութիւնների, որդեգրել զարգացման ժողովրդավարական ուղին, եւ որ երկիրը իր տեղն է զբաղեցրել «Միջազգային թատերաբեմում»: Դեսպանը յատկապէս կարեւորեց Հայաստանի անդամակցութիւնը Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանն ու Եւրոխորհրդին, ինչպէս նաեւ «Բաւականին նշանակալի մերձեցումը»Եւրոմիութեան հետ: Անրի Ռենոն ընդգծեց, որ յիշեալ ձեռքբերումները կոփուել են դժուարին պայմաններում` պատերազմական իրավիճակում, որի միջով Հայաստանն անցել է: «Ուրախացնող է, որ Հայաստանն իր 20-ամեայ անկախութեան տօնակատարութիւնները անցկացրեց խաղաղութեան պայմաններում»,- ասաց դեսպանը, յաւելելով, որ բազում եւ դժուարին են Հայաստանի առջեւ առկայ արտաքին, տնտեսական աճի ու զարգացման մարտահրաւէրները: Անրի Ռենոն նշեց, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզիի Հայաստան կատարած այցը համընկաւ Հայաստանի անկախութեան 20-ամեայ տարեդարձի հետ, ինչը առանձնայատուկ նշանակութիւն հաղորդեց այդ այցին: Տարեդարձը մի կողմից առիթ էր ներկայացնել երկրի նուաճումները 20 տարուայ կտրուածքով, միւս կողմից` վերահաստատելու Ֆրանսիայի օժանդակութիւնը Հայաստանի զարգացման յետագայ գործընթացներին: Բաւականին յստակ հնչեց Ֆրանսիայի նախագահի ուղերձը` «ֆրանսիան ձեր կողքին է» եւ օժանդակելու է մարտահրաւէրները դիմագրաւելու հարցում: Երեւանում բաւականին յստակ, ընդգծուած ուղերձ հնչեց նաեւ` ուղղուած Թուրքիային` առերեսուել սեփական պատմութեան հետ եւ ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը: Մէկ այլ կոչ, յորդոր, ուղերձ ուղղուեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կողմերին` աշխատել, որպէսզի գտնուի խնդրի բանակցուած լուծում: Ֆրանսիայի ղեկավարի այցը առիթ էր նաեւ խօսելու երկկողմ յարաբերութիւնների զարգացման հեռանկարների շուրջ, առաջին հերթին` տնտեսական, ինչպէս նաեւ մշակութային ու կրթական, ֆրանսերէնի դասաւանդման ոլորտներում: Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկայ են բարձր մակարդակի յարաբերութիւնները, ինչը նախագահ Սարկոզին յստակ ընդգծեց Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ունեցած իր ելոյթում: Այն, որ հայ-ֆրանսիական յարաբերութիւնները տոգորուած են խանդավառութեամբ, ակնյայտ էր Երեւանի Հանրապետութեան հրապարակում երկու երկրների նախագահների զբօսանքի ժամանակ.այնտեղ հաւաքուած ժողովուրդը ողջունում էր Ֆրանսիայի նախագահին, արտայայտելով Ֆրանսիայի եւ ֆրանսիացի ժողովրդի հանդէպ հայերի տածած զգացմունքները: Ըստ դեսպանի, երկու երկրների միջեւ կան նաեւ շատ ինտենսիւ տնտեսական յարաբերութիւններ. Ֆրանսիան Հայաստանի տնտեսութեան մէջ առաջին խոշոր ներդրողն է Արեւմտեան Եւրոպայում եւ երկրորդը` աշխարհում, եւ երկար տարիներ պահպանում է իր այս դիրքը: Դեսպանը կարեւորեց նաեւ Ֆրանսիայի նախագահի Հայաստան կատարած այցի նախաշեմին Հայ-ֆրանսիական գործարարութեան ակումբի ստեղծումը: Հայաստանը ցանկութիւն է յայտնել, որպէսզի ֆրանսիական ընկերութիւնները մասնակցեն Հայաստանում ընթացող ենթակառուցուածքների ծրագրերին, իսկ Ֆրանսիան էլ «իր դրական պատասխանը տուել էէ: Ֆրանսիան ցանկութիւն ունի նաեւ համագործակցել արտաքին առեւտրի ոլորտում: Դեսպանը շրջանցեց Ֆրանսիայի նախագահի Հայաստանում արած յայտարարութիւնների կապակցութեամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի կոշտ արձագանքների մասին հարցը, իսկ երգիչ Շառլ Ազնաւուրի «Նոււել դէ Արմէնի» ամսագրում հարցազրոյցի վերաբերեալ նշեց, որ այն չի կարդացել: Յիշեցնենք, որ այդ հարցազրոյցում Շ.Ազնաւուրը քննադատութիւն էր հնչեցրել Հայաստանի իշխանութիւնների գործունէութեան վերաբերեալ:
  -   Քաղաքական