ՍԾՏՀ Խվ-ի յանձնաժողովի նիստում հաւանութեան է արժանացել հարկային համակարգի բարեփոխումների մասին զեկոյցը


ՍԾՏՀ Խվ-ի յանձնաժողովի նիստում հաւանութեան է արժանացել հարկային համակարգի բարեփոխումների մասին զեկոյցը

  • 17-10-2011 15:59:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Սեւծովեան տնտեսական համագործակցութեան երկրների հարկային համակարգի բարեփոխումների վերաբերեալ զեկոյցը նախատեսւում է քննարկել նոյեմբերի վերջին Տիրանայում կայանալիք ՍԾՏՀ ԽՎ լիագումար նիստում: Ինչպէս հոկտեմբերի 17-ի ասուլիսում յայտնել են ՍԾՏՀ Խվ-ում հայաստանի ազգային Ժողովի պատուիրակութեան ղեկավար Գագիկ Մինասեանը եւ պատուիրակութեան անդամ Արեգ Ղուկասեանը, փաստաթուղթը հոկտեմբերի 12-13-ին Թբիլիսիում Սեւծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, բնապահպանական, առեւտրային եւ տեխնոլոգիական հարցերի յանձնաժողովի 37-րդ նիստում հաւանութեան է արժանացել: Ազգային պատուիրակութիւններին տրուել են նաեւ փաստաթղթին կից յանձնարարականներ: Թեմայի ընտրութիւնը նպատակ ունի պարզել սծտհ անդամ-երկրների քաղաքականութիւնն այս ոլորտում` ֆինանսական ճգնաժամի յաղթահարմանը զուգահեռ: Այն նպատակ ունի նաեւ գնահատել տնտեսական աշխուժութիւնը խրախուսելուն ուղղուած` հարկային ու մաքսային բարեփոխումների ընձեռած հնարաւորութիւնները: ՍԾՏՀ Խվ տնտեսական, բնապահպանական, առեւտրային եւ տեխնոլոգիական հարցերի յանձնաժողովի նիստի օրակարգում տեղ գտած հարցի շուրջ զեկոյցը ներկայացրել է Բուլղարացի պատգամաւոր Դիմիտար Աթանասովը, այն նիստում աշխոյժ քննարկման առարկայ է դարձել: Ասուլիսում նշուել է նաեւ, որ Հայաստանի խորհրդարանական պատուիրակութիւնը եւս ներկայացրել է Հայաստանում իրականացուող տնտեսական քաղաքականութիւնը, խօսել մաքսային եւ հարկային մարմինների աշխատանքների ներդաշնակեցման ու այնպիսի մեխանիզմների մասին, որոնց ներդրումը նուազեցրել է հարկային ու մաքսային աշխատողների շփումները տնտեսավարողների հետ: Արեգ Ղուկասեանը տեղեկացրել է նաեւ, որ անընդմէջ երրորդ անգամ Թբիլիսիում տնտեսական, բնապահպանական, առեւտրային եւ տեխնոլոգիական հարցերի յանձնաժողովի նախագահ է ընտրուել հայկական պատուիրակութեան ղեկավար Գագիկ Մինասեանը` չնայած որոշ խոչընդոտների: Սա վեհաժողովի պատմութեան մէջ, ըստ Արեգ Ղուկասեանի, աննախադէպ ցուցանիշ է:
  -   Մամլո հաղորդագրություն