Աւտոպատահարից զոհուել է ժամկետային զինծառայող Էդմոն Ալեքսանեանը


Աւտոպատահարից զոհուել է ժամկետային զինծառայող Էդմոն Ալեքսանեանը

  • 18-10-2011 00:11:16   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20:00-ի սամաններում Երեւան-սեւան աւտոճանապարհին տեղի ունեցած աւտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրուայ համար ունէին կարճատեւ արձակման թոյլտւություն, սակայն նրանք իրաւունք չունէին դուրս գալ Երեւանի կայազօրի տարածքից: Պատասխանելով Panorama.am կայքի հարցին, այս մասին նշել է Հայաստանի պաշտպանութեան փոխնախարար Վլադիմիր Գասպարեանը: «Որպէս կանոն, զինուորները կարճատեւ արձակումից առաջ համապատասխան հրահանգաւորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարութեան կողմից: Տուեալ դէպքում այդ զինուորները, հետեւելով իրենց ազգականների յորդորներին, իրենց ազգականի աւտոմեքենայով դուրս են եկել Երեւանի կայազօրի տարածքից եւ ուղղութիւն վերցրել դէպի Սեւան, որտեղից այդ նոյն մեքենայով վերադառնալիս տեղի է ունեցել աւտոպատահարը»,- ասել է փոխնախարարը: Նա կոչ է արել զինծառայողների ծնողներին եւ ազգականներին զերծ մնալ անհարկի միջամտութիւններից, որոնց հետեւանքով խախտւում են զինուորական կանոնակարգերը` բոլոր անցանկալի հետեւանքներով: «Տուեալ դէպքում աւտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթէ զինծառայողների հարազատները նրանց չմղէին ոչ օրինական գործողութիւնների»,- յաւելել է Վ.Գասպարեանը: Յիշեալ աւտոպատահարից տուժել են զինուած ուժերի ժամկետային երեք զինծառայողներ, որոնցից Էդմոն Ալեքսանեանը հիւանդանոցում մահացել է:
  -   Հասարակութիւն