Միջխորհրդարանական միութեան 125-րդ վեհաժողովին մասնակցում է նաեւ ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը


Միջխորհրդարանական միութեան 125-րդ վեհաժողովին մասնակցում է նաեւ ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը

  • 18-10-2011 11:13:51   |   |  Քաղաքական

Միջխորհրդարանական միութեան նախագահի եւ Շուեյցարիայի Համադաշնութեան Ազգերի խորհրդի եւ Պետութիւնների խորհրդի նախագահների հրաւէրով հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի գլխաւորած պատուիրակութիւնը Բեռնում մասնակցեց Միջխորհրդարանական միութեան յոբելեանական 125-րդ վեհաժողովի բացման արարողութեանը: ԱԺ նախագահի գլխաւորած պատուիրակութեան կազմում էն Միջխորհրդարանական միութիւնում ԱԺ պատուիրակութեան անդամներ Հեղինէ Բիշարեանը, Անահիտ Բախշեանը եւ Միքայէլ Վարդանեանը: Վեհաժողովի մօտ 1500 մասնակիցներին ողջունեցին Միաւորուած ազգերի կազմակերպութեան Գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը, Շուեյցարիայի Համադաշնութեան Նախագահ Միշլին Կալմի- Ռեյը, Միջխորհրդարանական միութեան նախագահ Թէո- Բէն Գուրիրաբը եւ ուրիշներ: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, հոկտեմբերի 17-ին Միջխորհրդարանական միութիւնում ԱԺ պատուիրակութեան անդամներ Հեղինէ Բիշարեանը, Անահիտ Բախշեանը եւ Միքայէլ Վարդանեանը մասնակցեցին Միջխորհրդարանական միութեան ղեկավար խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկուեցին ՄՄ-ին անդամակցութեանը վերաբերող հարցեր, ներկայացուեց Միջխորհրդարանական միութեան 2012 թ. ծրագիրը եւ բիւջէի նախագիծը, 2012-2017 թթ. ռազմավարութիւնը եւ այլ հարցեր: Նիստի ընթացքում ներկայացուեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից կազմակերպուած Արեւելեան եւ Կենտրոնական Եւրոպայի, ինչպէս նաեւ ԱՊՀ երկրների պատգամաւորների մասնակցութեամբ յունիսի 14-16-ին Հայաստանի խորհրդարանում կայացած երեխաների իրաւունքերին նուիրուած տարածաշրջանային համաժողովի արդիւնքները: ՄՄ ղեկավար խորհրդի նիստից յետոյ իր աշխատանքները սկսեց միջխորհրդարանական միութեան 125-րդ վեհաժողովը, որին մասնակցեց ԱԺ պատուիրակութիւնը` Յովիկ Աբրահամեանի գլխաւորութեամբ: Նոյն օրը տեղի ունեցաւ Միջխորհրդարանական միութեան վեհաժողովի Եւրասիայ աշխարհաքաղաքական խմբի նիստը, որը նախագահում էր ԱԺ պատուիրակութեան անդամ Միքայէլ Վարդանեանը: Նիստի ընթացքում իրենց ծրագրերը ներկայացրեցին Միջխորհրդարանական միութեան նախագահի թեկնածուներ Ինդոնեզիայի խորհրդարանը ներկայացնող տիկին Նուրհայատի Ալի Ասէգաֆը եւ Մարոկկոն ներկայացնող Աբդելուահադ Ռադին: Նշենք, որ Միջխորհրդարանական միութեան նախագահի ընտրութիւնները տեղի կ'ունենան հոկտեմբերի 19-ին վեհաժողովի լիագումար նիստում:
  -   Քաղաքական