«Baku.am»-ն արդեն հասանելի է նաև ադրբեջաներենով


«Baku.am»-ն արդեն հասանելի է նաև ադրբեջաներենով

  • 18-10-2011 13:43:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը ներկայացնում է Բաքու քաղաքի հայ համայնքի հասարակական, մշակութային եւ գործարար կեանքը լուսաբանող իր բնոյթով եզակի «Baku.amէ կայքէջը` արդէն ադրբեջաներէնով: Կայքէջի ադրբեջաներէն տարբերակի պատրաստմանը նպաստել են այն բազմաթիւ նամակներն ու լայն արձագանքը, որը հետեւեց կայքի գործարկմանը: Կայքէջը համալրուել է նորանոր նիւթերով` Բաքուի հայկական նաւթային ընկերութիւնների բաժնետոմսեր, լուսանկարներ, բացիկներ եւ այլն: «Baku.am» քառալեզու վեբկայքը անցած ութ ամիսների ընթացքում այցելել են շուրջ 70.000 օգտուողներ, ովքեր հնարաւորութիւն ունեն ծանօթանալ Բաքու քաղաքի հայ համայնքի պատմութեան, ժառանգութեան ու ճակատագրի հետ: Կայքէջում զետեղուած հարիւրաւոր լուսանկարներն ու փոստային բացիկները լուսաբանում են հայկական ընտանիքների, հայապատկան շէնքերի, Բաքւում լոյս տեսած հայկական մամուլի, գրահրատարակչութեան, գովազդային յայտարարութիւնների եւ, ընդհանրապէս Բաքու քաղաքում հայկական երբեմնի մշակութային ներկայութեան պատմութիւնը: Առանձին բաժնով ներկայացուած է Բաքու քաղաքում 1905, 1918, 1990 թուականներին տեղի ունեցած հայկական կոտորածները լուսաբանող փաստաթղթեր եւ լուսանկարներ: Բաքուի հայ համայնքը դարձաւ ադրբեջանական եւ թուրքական իշխանութիւնների ծրագրած եւ երեք փուլով իրագործած էթնիկ զտման զոհ: Դրա արդիւնքում դադարեց գոյութիւն ունենալ քաղաքի զարգացման պատմութեան մէջ ահռելի ներդրում կատարած հայկական տարրը: 20-րդ դարի սկզբին Բաքուն, հանդիսանալով Ռուսական կայսրութեան անդրկովկասեան տիրոյթի խոշորագոյն արդիւնաբերական կենտրոն, ունէր հարուստ հայկական քաղաքակրթական ներկայութիւն: Հայերը կազմում էին քաղաքի երրորդ խոշոր էթնիկ խումբը` ռուսներից եւ բազմացեղ մահմեդական բնակչութիւնից յետոյ: Այդուհանդերձ, հայերն առաջնային տեղ էին զբաղեցնում քաղաքի հասարակական, մշակութային եւ գործարար կեանքում: Հէնց հայ գործարարների շնորհիւ սկսուեց եւ մեծ թափ առաւ Բաքուի նաւթարդիւնաբերութիւնը: Հայ գործարարների միջոցներով եւ հայ ճարտարապետների նախագծերով ու եւրոպական ճարտարապետական լաւագոյն աւանդոյթներով կառուցած շէնքերը մինչ օրս զարդարում են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: Ադրբեջանի ներկայիս իշխանութիւնների որդեգրած հակահայ քաղաքականութիւնը չի հանդուրժում որեւէ յիշատակում Բաքւում հայերի երբեմնի ներկայութեան ու քաղաքի պատմութեան մէջ նրանց թողած հարուստ մշակութային ժառանգութեան մասին: Յիշեցնենք, որ կայքի պատրաստումը նախաձեռնել եւ իրականացրել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը` «Zoom graphicsէ ընկերութեան մասնակցութեամբ: Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ
  -   Մամլո հաղորդագրություն