ԱՐՄԵՆԱԼ-ն իրագործում է անձնակազմի անվճար սննդի ծրագիրը


ԱՐՄԵՆԱԼ-ն իրագործում է անձնակազմի անվճար սննդի ծրագիրը

  • 24-10-2011 15:32:58   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Երեւանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԷՆԱԼ գործարանում սկսուել է ՌՈՒՍԱԼ ընկերութեան հիմնական սոցիալական ծրագրերից մէկի իրագործումը: Այս տարուայ աշնանից ներդրուել է լրավճար, որի շնորհիւ ձեռնարկութեան ողջ անձնակազմը` շուրջ 700 մարդ, ստանում է անվճար սնունդ: Գործնականում նորովի վերակառուցուել է գործարանի ճաշարանը, որի գործառոյթները մինչեւ վերջերս կատարում էր ոչ մեծ մի բուֆետ` 25 նստատեղերով: Դրա համար անհրաժեշտ եղաւ հիմնանորոգել մեծ տարածքը եւ ամրացնել տանիքը: Շինարարական աշխատանքի համար ձեռնարկութեան զարգացման հիմնադրամից յատկացուեց մօտ 60 հազար դոլար: սննդի կազմակերպիչն ընտրուել է բաց մրցոյթի արդիւնքներով: Չորս յաւակնորդներից լաւագոյնը ճանաչուեց երեւանեան «Պրիմայ Լեքս» ընկերութիւնը: Մրցոյթի պայմանների համաձայն` այն տրամադրեց ճաշարանի սարքաւորման եւ կահաւորման լրակազմը` կահոյք, օդորակիչներ եւ ամանեղէն: Գործարանը ծածկում է ջրի, էլեկտրաէներգիայի, գազի եւ ջեռուցման ծախսերը: Ծրագրի իրականացման ամենամսեայ գումարը կազմում է 21,5 հազար դոլար: Այժմ գործարանի բոլոր հերթափոխները, ներառեալ գիշերայինը, ապահովուած են տաք սննդով: Նստատեղերի քանակն աճել է մինչեւ 82: «Մինչեւ 2011 թ. վերջը մէկ աշխատողի համար լրավճարը հաշուարկուած է 650 դրամի չափով, ինչը լիովին բաւարարում է 3 ճաշատեսակներից բաղկացած ճաշի համար, իսկ յաջորդ տարի այդ գումարը կաճի գրեթէ մինչեւ 900 դրամ», - տեղեկացրեց Արմէնալ-ի անձնակազմի գծով տնօրէն Սուետլանայ Լեւենը: Ճաշարանի կերակրացանկը շատ բազմազան է: Այն ներառում է աղցաններ թարմ բանջարեղէնից, երեքից ոչ պակաս առաջին խորտիկ, գարնիրների մեծ ընտրութիւն` տաք մսեղէնով: Ճաշացանկում ընդգրկուած է կաթնեղէնի եւ զովացուցիչ ըմպելիքների լայն տեսականին:
  -   Տնտեսութիւն