Կիսելով Մտահոգութիւնը


Կիսելով Մտահոգութիւնը

  • 29-10-2011 10:32:34   | ԱՄՆ  |  Յօդուածներ

ՆՇԱՆ ՓԻՐՈՒՄԵԱՆ «ԱՍՊԱՐԷԶ».- Շրջանիս մէջ յայտնի անուն է Նշան Փիրումեանը՝ իբրեւ երկար տարիներու հասարակական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի անդամ ու յաճախ անոր ներկայացուցիչը: Ճանչնալով զինք՝ գիտենք թէ հոգեկան ինչպիսի՛ տուայտանքով ան գրած է այս տողերը: Կը հրատարակենք Փիրումեանի նամակը, յուսալով, որ հայրենի պատկան իշխանութիւններուն ուշադրութեան կ՛արժանանայ հարցը եւ անոր արդար լուծման ուղղութեամբ քայլեր կ՛առնուին: Այս նամակ-յօդուածս, որը պիտի խնդրէի հրատարակել, գրում եմ ոչ թէ անձնական հարցեր լուծելու նպատակով, այլ՝ Հայաստանի Հանրապետութեան դատական համակարգում եւ պետական իշխանութեան այլ մարմիններում տիրող անընդունելի իրավիճակի առթիւ ունեցած մտահոգութեամբ: Հարցն առնչւում է որդուս՝ ԱՄՆ քաղաքացի Օշին Փիրումեանի, սեփականութեան դէմ «պետական մեքենայի» կողմից գիտակցուած կերպով իրագործուող ոտնձգութեանը: Անշուշտ տեղեակ էք տարիներ առաջ տեղի ունեցած ու մեծ աղմուկ բարձրացրած հանրայայտ իրադարձութեանը, որի արդիւնքում պաշտօնեաներից եւ նրանց հետ համագործակցող անձանցից բաղկացած յանցաւոր խմբի կողմից՝ պետական եւ համայնքային հողամասերի մասնաւորեցման գումարների յափշտակման արդիւնքում, հսկայական վնաս հասցուեց պետական բիւջէին: Միանգամից նշեմ, որ միանշանակ կողմ եմ եղել ու կողմ եմ՝ աւազակներին արժանի պատիժը տալու եւ պետական բիւջէին պատճառուած վնասը շուտափոյթ վերականգնելու որոշմանը: Սակայն ապշեցնում ու զայրացնում են այն միջոցները, որոնք՝ պետական բարձրաստիճան պաշտօնեաների թոյլտուութեամբ ու ուղղակի հրահանգով, գործադրւում են այդ նպատակին հասնելու համար: Այդ միջոցները, մասնաւորապէս, հիմնուած են ժողովրդավարական հասարակութեանը ոչ հարիր անթաքոյց կիրառուող հետեւեալ սկզբունքի վրայ. պետական բիւջէի վնասի հատուցում ցանկացած գնով՝ ներառեալ այդ վնասի պատճառման հետ որեւէ կապ չունեցող եւ դրա համար պատասխանատուութիւն չկրող անձանց հաշուին: Նշուած սկզբունքն, իր հերթին, բխում է այն «պետական մտածողութիւնից», ըստ որի, եթէ յանցագործութիւն կատարած եւ/կամ վնասի համար պատասխանատու անձինք հատուցման համար չունեն բաւարար միջոցներ, ապա հատուցումը, միեւնոյնն է, պէտք է ստանալ ցանկացած այլ անձանցից, քանզի պետութեան համար կարեւոր չէ թէ կը տուժի գումարների յափշտակման հետ ոչ մի առնչութիւն չունեցող մասնաւոր անձը: Փորձեմ հակիրճ ներկայացնել եղելութիւնը: Որդիս՝ Օշինը, հայրենասիրական նուիրումով, 2005թ.ից, կնոջ եւ երկու փոքրահասակ երեխաների հետ միասին, մշտական բնակութիւն է հաստատել Երեւանում: Հայաստան տեղափոխուելով, նա սկսեց փնտռել յարմար հողամաս՝ նպատակ ունենալով կառուցապատել այն, իր աճող ընտանիքի բնակութեան համար: Այդպիսի յարմար հողամաս նրան առաջարկեց Անդրանիկ Ղուլիջանեանը, որը սեփականատէրն էր Գ. Յովսէփեան փողոցին հարող 5000 քմ. մակերեսով հողակտորի: Այդ չափի հողամաս Օշինին անհրաժեշտ չէր, եւ Անդրանիկ Ղուլիջանեանի հետ նա ձեռք բերեց գրաւոր համաձայնութիւն՝ հողամասի կէսը գնելու վերաբերեալ: Այնուհետեւ, Անդրանիկ Ղուլիջանեանը ձեռնամուխ եղաւ հողամասի բաժանման գործընթացին, որից յետոյ՝ 12.12.2005թ.ին, կնքուեց անշարժ գոյքի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի Օշինը՝ 88.156.250 ՀՀ դրամ (շուրջ 240.000 ԱՄՆ դոլար) արժէքով, գնեց Գ. Յովսէփեան փողոցին հարող 2500 քմ. մակերեսով առանձնացուած հողամասը: Նշուած գործարքները կնքելու եւ դրանց օրինականութիւնը ապահովելու համար, մենք դիմել էինք փորձառու եւ բարձրակարգ իրաւաբանների օգնութեանը, որոնք կատարել էին մանրակրկիտ ուսումնասիրութիւններ եւ հաւաստել, որ Անդրանիկ Ղուլիջանեանը իրօք հանդիսանում է վաճառուող հողամասի սեփականատէրը, որ այդ հողամասը ծանրաբեռնուածութիւններ չունի եւ, որ գործարքների պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան պահանջներին: Անշարժ գոյքի առուվաճառքի պայմանագիրը օրէնքով սահմանուած կարգով վաւերացուել է նօտարի կողմից, իսկ դրանից ծագած՝ Օշինի սեփականութեան իրաւունքը, դարձեալ օրէնքով սահմանուած կարգով, ենթարկուել է պետական գրանցման, որպիսի հանգամանքը հաւաստուել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Մարաշ» տարածքային ստորաբաժան կողմից տրուած անշարժ գոյքի սեփականութեան իրաւունքի գրանցման վկայականով: Այսինքն՝ Գ.Յովսէփեան փողոցին հարող 2500 քմ. մակերեսով հողամասը գնելիս, Օշինը կատարել է այն քայլերը, որոնք նախատեսուած են Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեամբ, եւ գործել է օրէնքի տառին խիստ համապատասխան: Իսկ դա նշանակում է, որ նրա իրաւունքները՝ ներառեալ, սեփականութեան իրաւունքը, պէտք է լինեն անառարկելի, երաշխաւորուած ու պաշտպանուած պետութեան կողմից: 18.08.2006թ.ին Երեւանի Քաղաքապետարանը հայց էր ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարան, յայտնելով, որ նախկինում պետական սեփականութիւն հանդիսացած Գ.Յովսէփեան փողոցին հարող տարածքում գտնուող 5000 քմ. մակերեսով հողամասը Անդրանիկ Ղուլիջանեանին 13.11.2005թ. ուղղակի վաճառքի ձեւով օտարելուց յետոյ պարզուել է, որ գնորդի կողմից իրականում չի վճարուել հողամասի գինը, որը կազմել է 66.050.000 ՀՀ դրամ (շուրջ 180.000 ԱՄՆ դոլար): Երեւանի Քաղաքապետարանը պահանջել է լուծել, իսկ այնուհետեւ՝ հայցի առարկան փոխելով, անվաւեր ճանաչել Անդրանիկ Ղուլիջանեանի հետ կնքուած հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրն ու այդ առթիւ տրուած սեփականութեան իրաւունքի պետական գրանցման վկայականը: 2006թ. Հոկտեմբեր ամսին Օշինը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարանից ստացուած հեռախօսային զանգով, հրաւիրուել է մասնակցելու նշուած գործին: Ներկայանալով դատական նիստին, նա պարզել է, որ Երեւանի Քաղաքապետարանը պահանջում է նաեւ անվաւեր ճանաչել իր եւ Անդրանիկ Ղուլիջանեանի միջեւ կնքուած պայմանագիրը ու նրան տրուած սեփականութեան իրաւունքի գրանցման վկայականը: Օշինի դէմ ներկայացուած պահանջը Երեւանի Քաղաքապետարանը որեւէ կերպ չի հիմնաւորել՝ աւելին, Օշինի դէմ հայցադիմում, որը Հայաստանի օրէնսդրութեամբ սահմանուած վաւերապայմաններով գրաւոր փաստաթուղթ է, երբեւէ չի ներկայացրել: Այդպիսի փաստաթուղթ մինչ օրս գոյութիւն չունի: Այդուհանդերձ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարանը, ի դէմս ներկայումս դատաւորի պաշտօնից հեռացուած Վ. Լալայեանի, առանց բազմակողմանի եւ օբյեկտիւ քննութիւն իրականացնելու ու առանց գէթ մէկ իրաւական հիմնաւորում նշելու, ինչը պարտադիր է Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիական դատավարութեան օրէնսդրութեամբ, վճռեց զրկել Օշինին սեփականութեան իրաւունքից: Ընդ որում, առաջին ատեանի դատարանը գործը քննեց ու վճիռը կայացրեց բազմաթիւ կոպտագոյն խախտումներով: Ընդամէնը նշեմ, որ տուեալ քաղաքացիական գործի քննութեան ընթացքում մէկ այլ դատարանում քննւում էր քրէական գործ, որով պատասխան պէտք է տրուէր այն հարցին, թէ ով է յափշտակել Գ. Յովսէփեան փողոցին հարող 5000 քմ. մակերեսով հողակտորի դիմաց պետական բիւջէ վճարման ենթակայ գումարը եւ ով է մեղաւոր պետութեանը հասցրուած վնասի համար. սակայն, դատաւոր Լալայեանը չկասեցրեց գործի քննութիւնը, որպէսզի պարզի թէ ում վրայ պէտք է դնի վնասի հատուցման պարտականութիւնը: Նրա համար կար հարցի պարզ լուծում՝ Օշինը, որը քրէական գործով նոյնիսկ կասկածեալ չի հանդիսացել, ունի հողամաս, հետեւաբար թող նա այդ հողամասով հատուցի պետութեանը հասցրուած վնասը: Իհարկէ, իմ կարծիքով, Լալայեանը գործում էր ոչ թէ իր խղճի թելադրանքով, այլ իրեն ակնյայտօրէն «վերեւից» իջեցուած հրահանգով, քանզի ողջ դատաքննութեան ընթացքում գէթ մէկ անգամ նա չնայեց Օշինի աչքերի մէջ, իսկ իր խայտառակ վճիռը հապշտապ հրապարակելով՝ արագ ճողոպրեց դատական նիստերի դահլիճից: Անշուշտ, Օշինը բողոքարկեց առաջին ատեանի դատարանի վճիռը, եւ գործը յանձնուեց վերաքննիչ դատարանի քննութեանը: Վերաքննիչ դատարանում գործի քննութեան ընթացքում աւարտուեց նաեւ վերոնշեալ քրէական գործը, որով պարզ դարձան այն անձինք, որոնք յափշտակել էին 66.050.000 դրամ գումարը: Քրէական գործով կայացուած ու օրինական ուժի մէջ մտած վճռով որոշուեց նաեւ յանցագործներից բռնագաձել Գ. Յովսէփեան փողոցին հարող 5000 քմ. մակերեսով հողակտորի դիմաց պետական բիւջէ չվճարուած 66.050.000 դրամ գումարը: Թւում էր, թէ ամէն ինչ պարզ է, բոլորին հասկանալի է, որ Օշինը որեւէ առնչութիւն չունի պետութեանը հասցրուած վնասի հետ ու չի կարող պատասխանատուութիւն կրել դրա համար՝ աւելին, վերաքննիչ դատարանի դատաւորներ Ս. Միքայէլեանը եւ Ն. Տաւարացեանը ձայնագրուած դատական նիստի ընթացքում արտայայտեցին իրենց վրդովմունքը Երեւանի քաղաքապետարանի պահանջի եւ վարուելակերպի կապակցութեամբ՝ աներկբայ նշելով, որ Օշինի հողամասի նկատմամբ Քաղաքապետարանի յաւակնութիւնները օրինաչափ եւ ճիշդ չեն, որ Օշինը պատասխանատու չէ վնասի հատուցման համար, որ քաղաքապետարանը իրաւունք ունի պահանջ ներկայացնել միայն այն անձին, ում վաճարել է հողամասը՝ Անդրանիկ Ղուլիջանեանին, որ քանզի Անդրանիկ Ղուլիջանեանը չի կարող բնեղէնով վերադարձնել Օշինին օտարուած հողամասը, ապա նրանից պէտք է պահանջուի դրամական փոխհատուցում: Այդուհանդերձ, հաշուի առնելով, որ յանցագործութիւն կատարած անձինք, ինչպէս նաեւ պետութեանը հողամասի դիմաց փաստացի վճարում չկատարած Անդրանիկ Ղուլիջանեանը ներկայումս չունեն այնքան գումար ու այլ գոյք, որը բաւարարի պետութեանը հասցրուած վնասի փաստացի հատուցման համար, վերաքննիչ դատարանը, կրկին, իմ համոզմամբ, գործելով «վերեւի» հրահանգով, ամբողջութեամբ վերահաստատեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատեանի դատարանի վճիռը՝ վաւերացնելով Օշինի սեփականութեան իրաւունքի ոտնահարումը: Եւ կրկին՝ առանց որեւէ իրաւական հիմք վկայակոչելու ու առանց որեւէ հիմնաւորում կատարելու: Վերաքննիչ դատարանը նոյնիսկ չիրականացրեց իր որոշման պաշտօնական հրապարակում՝ ակնյայտօրէն խուսափելով Օշինի հետ հանդիպելուց ու նրա աչքերի մէջ նայելուց: Որոշումը Օշինի ներկայացուցիչներին փոխանցուեց դատաւոր Դ. Խաչատրեանի օգնականի միջոցով, որը հաղորդեց նաեւ դատարանի ներողամիտ լինելու բանաւոր խնդրանքը՝ «դէ… գիտէք….» պատճառաբանութեամբ: Փաստօրէն, ստացւում է, որ՝ Հայաստանի Հանրապետութիւնում չի յարգւում «օրէնքի որոշակութեան» սկզբունքը, եւ հնարաւոր է, որ անձը՝ գործի օրէնքի տառին խիստ համապատասխան, սակայն, յետագայում տուժուի իր այդ գործողութիւններից ու՝ աւելին, պատասխանատուութիւն կրի դրա համար, ՀՀ կառավարութեանն առընթեր անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի կողմից տրուող անշարժ գոյքի սեփականութեան իրաւունքի գրանցման վկայականների առաջին էջում նշուած «Անշարժ գոյքի սեփականութեան (օգտագործման) իրաւունքի գրանցման վկայականը հանդիսանում է միակ փաստաթուղթը, որը հաստատում է անշարժ գոյքի նկատմամբ սեփականութեան (օգտագործման) իրաւունքը եւ սեփականատիրոջն իրաւունք է տալիս կատարել անշարժ գոյքի հետ կապուած ՀՀ օրէնսդրութեամբ նախատեսուած գործարքներ» սուտ է, եւ Օշինը չպէտք է վստահեր Անդրանիկ Ղուլիջանեանին ու նրանից չգնէր հողամասը, Ի հակառակ քաղաքացիական դատավարութեան օրէնսգրքի 87րդ յօդուածի, որը սահմանում է, որ հայցադիմումը լինում է գրաւոր, Հայաստանի Հանրապետութեան դատարանները կարող են անձի դէմ կայացնել վճիռ՝ առանց այդ անձի դէմ գրաւոր հայցադիմում ներկայացուելու, Ի հակառակ ՀՀ քաղաքացիական օրէնսգրքի 303րդ յօդուածի, որը սահմանում է, որ գործարքը կարող է անվաւեր ճանաչուել քաղաքացիական օրէնսգրքով նախատեսուած հիմքերով, Հայաստանի Հանրապետութեան դատարանները կարող են գործարքն անվաւեր ճանաչել առանց այդպիսի հիմքերի առկայութեան, Հայաստանի Հանրապետութեան դատարանները կարող են իրենց վճիռները եւ որոշումները կայացնել՝ առանց օրէնքի դրոյթների վրայ յղուելու եւ պատճառաբանութիւններ ներկայացնելու՝ պահանջի բաւարարման հիմք համարելով զուտ այն, որ պահանջը ներկայացուած է Երեւանի քաղաքապետարանի կողմից: Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելով, դիմեցինք վճռաբեկ դատարան, նրանով հանդերձ որ մեծ յոյսեր չունէինք, քանզի գաղտնիք չէ, որ վերաքննիչ դատարանի նմանօրինակ որոշումները «նախագծւում» են հէնց վճռաբեկ դատարանում: 03.10.2011ին, Օշինը վճռաբեկ դատարանից ստանում է մի պաշտօնական նամակ, որով դատարանը մերժում էր նրա հայցը քննել, նոյնիսկ լսել նրան: Այդպիսով, Հայաստանում Օշինի համար սպառուած են կարելիութիւնները: Բայց նա անկասկած շարունակելու է պայքարը՝ իր ոտնահարուած իրաւունքների վերականգնման եւ Հայրենիքին նուիրուածութեան իր համոզմունքը չկորցնելու համար: Մենք մեր պայքարը կը շարունակենք՝ դիմելով մարդու իրաւունքների Եւրոպական դատարան, իսկ հարկ լինելու դէպքում՝ նաեւ ԱՄՆ դատական ատեաններին, քանզի ԱՄՆ օրէնսդրութիւնը նախատեսում է, սեփական դատարանների միջոցով, գոյքային սանկցիաների կիրառում այն պետութիւնների նկատմամբ, որոնք նմանօրինակ կերպով «խլում են» ԱՄՆ քաղաքացիների գոյքը, եւ կան այդպիսի բազում նախադէպեր: Թերեւս գաղտնիք չէ, որ պետական հողամասերի մասնաւորեցման գումարների յափշտակման արդիւնքում պատճառուած վնասը ամէն գնով հատուցելու հրահանգը տրուել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի կողմից, իսկ հողամասերի «խլման» ծրագիրը մշակուել ու հրահանգաւորուել է նրա պաշտօնավարութեան ընթացքում գործած չինովնիկների կողմից: Անարդարութիւնը, սակայն, շարունակւում է այսօր: Ես դիմում եմ ձեզ՝ դատական ու գործադիր իշխանութեան մարմիններում տիրող այս ոչ պատուաբեր իրավիճակը ու արդարադատութեան ոտնահարման այս բարձրագոչ փաստը ներկայացնելու համար: Կանխաւ շնորհակալութեամբ՝ ՆՇԱՆ ՓԻՐՈՒՄԵԱՆ 26 Հոկտեմբերի 2011թ. http://asbarez.com/arm/113638/
  -   Յօդուածներ