Եւրոմիութեանն անդամակցելու արգելքները


Եւրոմիութեանն անդամակցելու արգելքները

  • 02-11-2011 17:00:58   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Քաղաքականութեան աշխարհում երկրները անընդհատ փորձում են իրենց շահերին հասնելու համար ձեւեր ու ճանապարհներ փնտրել: 21-րդ դարը համարւում է միջազգային կառոյցների ժամանակաշրջան եւ միջազգային կառոյցներին ու կազմակերպութիւններին միանալն այն ճանապարհներից մէկն է, որով պետութիւնները փորձում են ապահովել իրենց շահերը: Թուրքիան այն երկրներից է, որ բաւականաչափ ակտիւ է այդ ուղղութեամբ, անդամակցելով միջազգային կառոյցներին՝ կարողանում է գործադրել իր արտաքին քաղաքականութիւնները եւ շահեր ձեռք բերել իր համար: Թուրքիան, հանրապետութեան ստեղծումից (1923) մինչ այժմ, մօտ դաշնակից է եղել Արեւմուտքի հետ, հիմնադիր անդամ երկրներից է Միացեալ ազգերի կազմակերպութեան, 1952 թւականից անդամակցում է ՆԱՏՕ-ին եւ ՆԱՏՕ-ի քաղաքականութիւնների գործադրողն է եղել շրջանում, 1949 թւականից Եւրոխորհրդի անդամ է, 1959 թւականից համագործակցել է Եւրոպայի տնտեսական համայնքի հետ, որը հիմա անւանւում է Եւրոմիութիւն եւ որին Թուրքիան ցանկանում է անդամակցել: 1987 թւականին Թուրքիան դիմում է ներկայացրել Եւրոմիութեանը՝ անդամակցելու համար, մինչ այժմ դեռ յստակ պատասխան չի ստացել եւ սպասում է: 1993 թւականին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագէնում եւրոպական երկրները մի համաձայնութեան հասան, ըստ որի՝ Եւրոմիութեան անդամ երկրները պէտք է ընդունեն այդ միութեան իրաւական եւ օրինաւոր դրւածքը, պէտք է ընդունեն Եւրոմիութեան Սահմանադրական օրէնքը, միութեանն անդամակցող երկրների տնտեսութիւնը պէտք է ունենայ բարւոք վիճակ եւ անդամ երկրները տնտեսական քաղաքականութիւնների հակասութիւններ չունենան միմեանց հետ, անդամ երկրները պէտք է ունենան ժողովրդավարական դրւածք, յարգեն մարդու իրաւունքների օրէնքներն ու նաեւ այդ երկրներում գոյութիւն ունեցող փոքրամասնութիւնների իրաւունքները պէտք է ապահովւած լինեն, երկրները իրենց ներքին դժւարութիւնները լուծելու համար՝ պէտք է դիմեն խաղաղ միջոցների: Սրանք այն որոշ կէտերն են, որոնք որեւէ երկիր, որ ցանկանում է միանալ Եւրոմիութեանը, պէտք է կարողանայ գործադրել եւ ընդունել: Թուրքիան էլ եթէ ցանկանում է միանալ Եւրոմիութեանը, պէտք է կարողանայ այդպիսի վիճակի հասցնել իրեն: 2005 թւականին սկսւել են պաշտօնական բանակցութիւններ՝ Թուրքիայի եւ Եւրոմիութեան հետ՝ Թուրքիայի անդամակցութիւնը քննարկելու համար: Թուրքիայի ներկայ վիճակը այն չէ, որ հեշտ ընդունւի Եւրոմիութեան մէջ: Եթէ նայենք 1993 թւականի Կոպենհագէնի պայմանագրին, պարզ է դառնում, որ Թուրքիան շատ երկար ճանապարհ ունի կտրելիք: Թուրքիայում դեռ չեն յարգւում մարդու իրաւունքները, թղթակիցները բանտարկւում են՝ կառավարութեանը քննադատելու համար, չկայ Եւրոպայի սպասւած խօսքի ազատութիւնը, փոքրամասնութիւնների օրէնքները չեն յարգւում, նրանք ազատ չեն իրենց լեզւի ուսուցման եւ կրօնական ու մշակութային աւանդութիւնների ու վերջապէս դիմագծի պահպանման մէջ: Ներքին բարդութիւնները չեն լուծւում խաղաղ միջոցներով. ամենապարզ նմուշը՝ Քուրդական հարցը եւ տասնեակ նման օրինակներ, որոնք հակասում են Եւրոմիութեան երկրների վիճակին, քաղաքականութեանը եւ տրամադրութիւններին: Այս ճանապարհին գոյութիւն ունեն մի քանի այլ զգայուն հարցեր. Եւրոմիութեան անդամ երկիրը չի կարող անհաշտ լինել իր հարեւան երկրների հետ. Թուրքիայի յարաբերութիւնները իր հարեւան Հայաստանի եւ Յունաստանի ու նաեւ Կիպրոսի հետ բարեկամական չեն: Գոյութիւն ունի մի այլ զգայուն կէտ եւ դա Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն է, որը արգելքներից մէկն է Թուրքիայի Եւրոմիութեան անդամ դառնալու ճանապարհին: ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը