Հայաստանի եւ Շուէդիայի միջեւ միգրացիոն ոլորտում ձեւաւորուած արդիւնաւէտ համագործակցութիւնը կը շարունակուի


Հայաստանի եւ Շուէդիայի միջեւ միգրացիոն ոլորտում ձեւաւորուած արդիւնաւէտ համագործակցութիւնը կը շարունակուի

  • 04-11-2011 14:12:59   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Լեհաստանում Պրահեան գործընթացի «Միգրացիոն գործընկերութեան կառուցում» նախարարական երկրորդ համաժողովի շրջանակում Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը հանդիպում է ունեցել Շուէդիայի միգրացիայի եւ ապաստանի քաղաքականութեան նախարար Թոբիաս Բիլսթրոմի հետ: Ըստ Հայաստանի տարածքային կառավարման նախարարութեան հասարակայնութեան հետ կապի բաժնի հաղորդագրութեան, զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ միգրացիոն ոլորտում ձեւաւորուած արդիւնաւէտ համագործակցութիւնը եւ քննարկել յետագայ փոխգործակցութեան հարցեր: Արձանագրուել է, որ կողմերն արդիւնաւէտ աշխատում են «ՀՀ կառավարութեան եւ Շուէդիայի Թագաւորութեան կառավարութեան միջեւ առանց թոյլտուութեան բնակուող անձանց հետընդունման մասինէ համաձայնագրի շրջանակում: Ա. Գէորգեանը նաեւ շնորհակալութիւն է յայտնել «ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտի ուսումնասիրութիւն» զեկոյցի պատրաստման հարցում շուէդ մասնագէտների աշխատանքի եւ ներկայացուած օգտակար առաջարկութիւնների համար, որոնք մեծապէս օգնել են միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերեալ ազգային գործողութիւնների ծրագրի մշակման գործում: Կարեւորուել է այս տարուանից Հայաստանի մասնակցութիւնը Սոդերկոպինգի գործընթացին, որը մեկնարկել էր 2001թ-ին` Շուէդիայի Եմ-ում առաջին նախագահութեան ընթացքում: Կողմերը փաստել են, որ դա հնարաւորութիւն կընձեռի Հայաստանի ներկայացուցիչներին մասնակցելու գործընթացի շրջանակներում կազմակերպուող ինչպէս ազգային համակարգողների հանդիպումներին, այնպէս էլ տարբեր թեմատիկ սեմինարներին: Յետագայ համագործակցութեան խորացման համատեքստում կողմերն անդրադարձել են 2011թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի եւ Եւրամիութեան միջեւ ստորագրուած «Շարժունակութեան շուրջ գործընկերութեանէ վերաբերեալ քաղաքական հռչակագրին: Եմ-ի կողմից հռչակագիրն ստորագրած 10 պետութիւնների շարքում է նաեւ Շուէդիան: Ա. Գէորգեանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրուած է այդ ոլորտում Շուէդիայի հետ համագործակցութեամբ` հաշուի առնելով, որ աշխատանքային միգրացիայի ոլորտում Շուէդիայի քաղաքականութիւնը համարւում է Եւրոպայում ամենաազատականն ու ճկունը: Կողմերը կարեւորել են Եւրամիութեան «թուինինգե գործընթացի շրջանակում 2012թ-ից մեկնարկող ծրագրի իրականացումը, որի նպատակն է աջակցել Հայաստանին կատարելագործելու միգրացիայի կառավարման համակարգը` այն համապատասխանեցնելով Եմ չափանիշներին: Ծրագրի իրականացման համար ընտրուել է Շուէդիայի եւ Լեհաստանի միգրացիոն մարմինների ներկայացուցիչներից բաղկացած կոնսորցիումը: Հայկական կողմից ծրագիրն իրականացնելու է Հհ տարածքային կառավարման նախարարութեան միգրացիոն պետական ծառայութիւնը: Փոխվարչապետը յոյս է յայտնել, որ ծրագրի գործողութեան աւելի քան 2 տարիների ընթացքում (27 ամիս) ոչ միայն լուծում կստանան նախատեսուած խնդիրները, այլեւ Շուէդիայի միգրացիոն մարմինների հետ համագործակցութիւնը կը հասնի նոր մակարդակի: Թ. Բիլսթրոմն իր հերթին պատրաստակամութիւն է յայտնել ամենայն աջակցութիւն ցուցաբերել փոխգործակցութեան խորացման հարցում:
  -   Տնտեսութիւն